Բեռնատարների վարորդներն այսօր բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ եւ փոխել այնտեղ խստացված օրենսդրության պայմանները, ըստ որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են Ռուսաստանում գտնվել մինչև 90 օր։
– Մոսկվա գնալ-գալս 10 օր պետք է տեւի, բայց 11 օր անցկացնում եմ Վլադիկավկազում հերթի մեջ, հերթն էլ են հաշվում օր: Հերթը եթե չհաշվեին, բոլորինն էլ կհերիքեր: Հիմա իմ 94 օրը լրացել է, չգիտեմ ռիսկ անեմ գնա՞մ, թե՞ չգնամ: Միրգ եմ բարձելու գնամ, հլը պատկերացրեք, գնամ ու չթողնեն, նորից պետք է հետ գամ, մեքենան բերեմ, հասցնեմ Երեւան, դատարկվի ուրիշ մեքենա ու նորից գնա: Հաշվեք ՝ ինչ ծախսեր են,- լրագրողներին ասաց ցույցի մասնակից վարորդ Ռազմիկ Կրազիզյանը:
Մեկ այլ վարորդ շարունակեց՝ ասելով, որ էդ ծախսերն էլ կարող են մնալ վարորդի վրա. «Ապրանքի տերը կասի՝ քո պատճառով է եղել, ես մեղք չունեմ, մեղքը մնում է վարորդի վրա, ծախսերն էլ»:
Նրա խոսքով, իրենց միակ խնդրանքն այն է, որ ՀՀ կառավարությունը ՌԴ հետ բանակցությունների արդյունքում հասնեն նրան, որ Ռուսաստանում մնալու թույլատրվող 90-օրյա ժամկետը դառնա 180 օր. «Ոնց որ սարքեցին Ղազախստանի համար, 180 օրը գոնե կհերիքի: Մենք դիմում ենք գրել վարորդներով, արդեն հանձնել ենք կառավարությանը»:
Կարդացեք նաև
Վարորդներից Կրազիզյանը նաեւ վրդովվեց, որ իրենց խնդրի լուծման հարցում ոչ մի պատգամավոր չի երեւում. «Մեր դեպուտատները հիմա չե՞ն տեսնում սա: Ընտրության ժամանակ գալիս, ոսկե սարեր են խոստանում, բա ո՞ւր են: Մենք Հայաստանում ենք աշխատում, մեր հարկ- տուրքը մուծում ենք մեր երկրում, գնում եմ Ռուսաստանի դեսպանատուն, որ ի՞նչ անեմ։ Կառավարությունը էս խնդրի դիմացը կարող էր առներ… Դիմացը Նոր Տարի ա, մեքենաները չեն կարողանում բեռները բերել, ապրանքն էլ կթանկանա… Ա՛յ մարդ, ֆուռերով կփակենք էս փողոցները, եթե կառավարությունը բեռնափոխադրողի խնդիրը չլուծեց»:
«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանի խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ հանձնաժողովի հետ է փորձում այս հարցը լուծել. «ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների նկատմամբ տնտեսության վրա ազդեցություն ունեցող այսպիսի ոլորտի նկատմամբ չի կարող նման օրենք կիրառվել, որը խանգարում է բեռնափոխադրում իրականացնելուն: 115 ֆեդերալ օրենքի այս փոփոխությունը չպետք վերաբերի ուղեւորափոխադրում ու բեռնափոխադրում իրականացողներին, նրանք չպետք է դիտարկվեն այն օտարերկրացիների շարքին, որոնք ոչ աշխատելու նպատակով գնացել են ՌԴ եւ պետք է տարվա ընթացքում 90 օր գտնվեն ՌԴ-ում»:
Բեժանյանի խոսքով՝ օրենքը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին, որեւէ բացառություն չկա, գործում է բոլորի նկատմամբ: Ըստ նրա՝ սեպտեմբերի 10-ից խստացումները շարունակվում են, մեծ թափով ստուգումներ են իրականացվում, մարդկանց տանում են օտարերկրացիների պահման վայրեր, նշանակում արտաքսումներ, լինում են մուտքի արգելքներ. «Ես ձեռքիս տակ արդեն ունեմ 15 հոգու փաստաթղթեր, որոնց 5 տարով մուտքի արգելք են դրել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ