Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլի փոխարեն ուրիշը լիներ, ԱՄՆ-ում կասեր՝ հենց հիմա զանգեք, թող բոլոր հայ գերիները մի քանի ժամում լինեն Թբիլիսիում. Պարույր Հայրիկյան

Հոկտեմբեր 13,2025 17:58

«Աշխարհի բոլոր երկրները, երբ ունենում են իրենց քաղաքացիներին պատանդ վերցնելու իրողություն (իսկ Բաքվում պահվող հայերը միայն գերիներ չեն, այլ պատանդ են, որովհետեւ օգտագործվում են քաղաքական, ճնշումներ գործադրելու եւ այլ նպատակներով) պետությունների պարտքն է անմիջականորեն զբաղվել նրանցով: Ընդհանրապես պետությունները նրա համար են, որ երբ մարդկային խմբերը, ընտանիքները չեն կարողանում ինչ-որ բաներ անել, պետություններն են անում, որովհետեւ պետությունները գործիք են հասարակության համար:

Հայաստանի իշխանությունները կարեւորագույն հարցերում ոչ մի կապ չունեն մեր ժողովրդի հետ: Նրանք խոսում են այնպիսի բաներից, որոնք համամարդկային են եւ պարտադիր: Ամբողջ աշխարհն է ձգտում խաղաղության: Իրենց ասածը նույն է, եթե ասեն՝ մենք պայքարում ենք, որ արեւն առավոտները դուրս գա, մենք պայքարում ենք, որ գիշերը զով լինի…Այդպիսի հիմարություններ միայն մեր իշխանություններն են թույլ տալիս: Այո, պատերազմական գործողությունների ժամանակ դու պետք է ձգտես նաեւ թշնամուդ հետ ընդհանուր հայտարարի գալ կարեւորագույն արժեքների հարցում, բայց չպետք է դա շահարկես…»,-«Հայելի» ակումբում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Ինչ վերաբերում է այս՝ մեզ բարոյապես ոչնչացնող երեւույթի նկատմամբ Հայաստանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին, ասեմ, որ մասնավորապես, երբ տեղի էր ունենալու ԱՄՆ նախագահի ներկայությամբ հանդիպումը, որեւէ բարեկիրթ մարդ շատ հանգիստ կասեր՝ գիտե՞ք ինչ, խաղաղության ձգտող պետությունները նախ եւ առաջ բարի կամք են դրսեւորում, մենք Հայաստանում որեւէ ադրբեջանցի գերի չունենք, նույնիսկ երեխայի սպանած մարդուն ազատ ենք արձակել:

Իսկ Ադրբեջանը անցյալում հերոսացրել է նաեւ քնած սպայի սպանությունը, եւ այսօր էլ շարունակում է՝ չնայած խաղաղության մասին մեր հայտարարություններին, այսօր ԱՄՆ-ում այդ բովանդակությունը նախաձեռնելու պահին մենք ունենք պատանդներ:

Եթե Հայաստանից ԱՄՆ-ում լիներ որեւէ այլ հայ մարդ՝ ոչ Նիկոլը, ոչ նիկոլիզմի ներկայացուցիչ, այս բարձր ամբիոնից կասեր՝ հենց հիմա զանգահարում եք Բաքու, ասում եք՝ մի քանի ժամվա ընթացքում բոլոր գերիները լինեն Թբիլիսիում: Բայց դա չարվեց, մինչդեռ դա մեզ տրված իրական հնարավորություն էր:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները հայության հետ իրականում կապ չունեն: Կամ կապ ունեն այնքանով, որ մեր անունից ներկայանալով՝ ոտնահարում են մեր իրավունքները եւ իրենց հետին նպատակներն են հետապնդում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031