Գյումրու քաղաքապետարանն իր պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրել, որով հրավիրում է ներդրողների՝ վերականգնելու քաղաքի ամենակոլորիտային կառույցներից մեկի՝ «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում գտնվող «Բարի լույսի» շենքի կամ «Գյումրի ռեստորանի» համայնքապատկան հատվածը (տես լուսանկարում)։
Հայտարարության մեջ նշված է․ «Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի քաղաքաշինական միջավայրի վերականգնման` Գյումրիի քաղաքապետի ծրագրի շրջանակներում, Գյումրու քաղաքապետարանը առաջարկում է ներդրողներին, շահագրգիռ անձանց եւ կազմակերպություններին օտարման եղանակով ձեռք բերել համայնքային սեփականություն հանդիսացող Շիրազի 30/3 հասցեում գտնվող նախկին «Գյումրի» ռեստորանի շենքի մեկ հատվածը»։
Aravot.am-ը մի քանի անգամ անդրադարձել է վթարային դարձած ամենահայտնի կառույցի ճակատագրին՝ տեղեկացնելով, որ այն գնել է սիրիահայ մի գործարար, որի անուն-ազգանունը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը թեև չի հրապարակում, սակայն հավաստիացնում է, որ նա կվերանորոգի շենքը՝ պահպանելով ֆասադը ու պատմամշակութային կառույցը կվերածի հյուրանոցառեստորանային համալիրի։
Կարդացեք նաև
Երկու տարի է՝ սիրիահայ գործարարը մասնավոր անձից գնել է, սակայն ոչ մի աշխատանք դեռ կատարված չէ։
Նկատենք, որ շենքը, վթարային լինելով հանդերձ, այնքան գրավիչ է, որ Գյումրի այցելող ոչ մի զբոսաշրջիկ անտարբեր չի մնում․ բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են զբոսավարները ներկայացնում կառույցի պատմությունը Գյումրի այցելած մեծ խմբերի։
Այսօր Aravot.am-ը քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց՝ մի՞թե փոշմանել է սիրիահայ գործարարը, որ առ այսօր ոչինչ արված չէ։ Նաև հարցրեցինք՝ հնարավո՞ր է շենքի մի հատվածը վաճառել սիրիահայ գործարարին, մյուսի համար այլ ներդրող գտնել․ չէ՞ որ այն ամբողջական պիտի վերականգնվի՝ պատմամշակութային կառույցի առանձնահատկությունները պահպանելով։
Քաղաքի գլխավոր ճարտարապետը մեկ անգամ ևս պնդեց, որ սիրիահայ գործարարը խոստացել է այն վերակառուցել։
«Վերջերս զրուցեցի սիրիահայ գործարարի հետ, ոնց որ թե պատրաստվում է, չգիտեմ՝ ինչ-որ խնդիրներ էին առաջացել իր հետ, ամեն դեպքում ինքը չի հրաժարվում շենքից, պատրաստակամ է, որ վերականգնվի»,-ասաց քաղաքի ճարտարապետը։
Հենրիկ Գասպարյանը նշեց, որ քաղաքապետարանը օտարելու է իրեն պատկանող հատվածը, սակայն այն ով էլ ձեռք բերի, վերակառուցումը լինելու է այնպես, որ ֆասադը պահպանվի, ոչ մի փոփոխություն չկատարվի։
Հիշեցնենք, որ այս շենքը պատկանել է Գյումրու մեծահարուստ Դրամփյան ընտանիքին։
Այն կառուցվել է 1880-1900 թվականներին` սև տուֆից, մի քանի փուլերով՝ Գրիգոր Դրամփյանի պատվերով։
Այն ծառայել է տարբեր նպատակների, հայտնի է որպես Դրամփյանների եկամտաբեր տուն․ 37 սենյակները վարձակալությամբ են տրվել ալեքպոլցի ընտանիքներին։ Սովետական տարիներին այստեղ գործել է Գյումրու խաշխանա ռեստորանը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Դրամփյաններին ունեզրկել են։ Շենքը ստալինյան բռնության տարիներին ծառայել է որպես կալանատուն:
Պատմական այս կառույցը գյումրեցիներն անվանում են «Բարի լույսի» շենք՝ հայելի և սրբիչ հիշեցնող զարդանախշերի պատճառով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ