Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցը լուծել՝ այն ոչնչացնելով ու դա ներկայացնելով որպես Հայաստանի իրական անկախության և ինքնիշխանության ապահովման երաշխիք. «ՉԻ»

Հոկտեմբեր 14,2025 08:30

«Ինչո՞ւ ՀՀ նախկին ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի՝ իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները», հարցնում է Նիկոլ Փաշինյանն ու ինքն էլ պատասխանի երկու տարբերակ առաջարկում․ «Առաջին տարբերակ՝ ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով օտար երկրների շահերին, երկրորդ տարբերակ՝ հոյակապ լուծումները պարզապես քաղաքական խաբեություն են, և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»։

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում (այդ մասին հազարավոր հոդվածներ են գրվել ու վերլուծություններ արվել), բայց խնդիրը դա չէ։ Մենք նրան մեկ այլ հարց տանք՝ իր իսկ ոճով։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցը լուծել՝ այն ոչնչացնելով ու դա ներկայացնելով որպես Հայաստանի իրական անկախության և ինքնիշխանության ապահովման երաշխիք, այսինքն՝ «հոյակապ լուծում»։ Պատասխանի՝ առաջարկվող տարբերակներն էլ, ի դեպ, ճիշտ և ճիշտ իր նշածներն են․ «Առաջին տարբերակ՝ ցուցաբերել է հանցավոր անգործություն, գուցե ծառայելով օտար երկրների շահերին, երկրորդ տարբերակ՝ հոյակապ լուծումը պարզապես քաղաքական խաբեություն է, և դրա իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»։ Տարբերությունն ընդամենը այն է, որ Նիկոլի դեպքում երկու տարբերակները համատեղվում են։

Իսկ հիմա հիմնավորենք։ Արցախի հարցի կարգավորման «նիկոլական տարբերակը»՝ այն ամբողջովին վերացնելը, իսկապես էլ «հոյակապ լուծում» էր, բայց՝ Ադրբեջանի համար։ Ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդպես արել։ Նախ՝ ցուցաբերել է հանցավոր անգործություն։ Այն է՝ մերժել է Լավրովի պլանը, հայտարարել է «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց զուգահեռաբար պատերազմի պատրաստվելու փոխարեն բանակը դարձրել է ելակ-շոուների ու սելֆիների հարթակ։ Ընդ որում, դատելով արդյունքներից, «գուցե ծառայելով օտար երկրների շահերին» (առաջին հայացքից՝ «Հավաքական Արևմուտքի», իրականում՝ Ադրբեջանի և Թուրքիայի)։

Նիկոլ Փաշինյանի երկրորդ ձևակերպումն էլ՝ «հոյակապ լուծումը պարզապես քաղաքական խաբեություն է, և դրա իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել», մեկին մեկ համապատասխանում է «Հայաստանի ապաշրջափակման» և «տևական խաղաղության հաստատման» վերաբերյալ նրա քարոզչական փուչիկներին։ Հայաստանի ապաշրջափակման մասով առայժմ միայն խիստ անորոշ ու հիմնականում գաղտնի պահվող պայմանավորվածություններ են, որոնք, եթե անգամ կյանքի կոչվեն, «ապաշրջափակելու են» ոչ թե Հայաստանը, այլ Նախիջևանը։ Ինչ վերաբերում է «տևական խաղաղությանը», ապա ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ, մեր պատանդները դեռ Բաքվում են, խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, կստորագրվի, թե ոչ՝ հայտնի չէ, Ադրբեջանն էլ այնքան նախապայմաններ է առաջ քաշում, որ դրանց ընդունման դեպքում հազիվ թե Հայաստանը հնարավոր լինի ինքնուրույն պետություն համարել։ Մի խոսքով՝ Նիկոլի «հոյակապ լուծումը», իր իսկ ձևակերպմամբ, քաղաքական խաբեություն է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031