Հարգելի՛ ընթերցող, սկսում եմ հոդվածների մի շարք, որը, ցավոք սրտի, երկար է ձգվելու, քանի որ վերջին յոթ տարիների ընթացքում ոչ թե մեկ կամ երկու, այլ հազարավոր ստեր ենք լսել մեր երկրի համար չարիք դարձած ղեկավարից։
Հոդվածներիս հիմքում ոչ թե անձնական ատելությունս է դրված (որքան էլ որ դժվար էր մտքերիս շարադրման ընթացքում մի կողմ դնել ունեցածս անձնական շատ խորը ատելությունը), այլ որպես ՀՀ քաղաքացի իմ ունեցած պատասխանատվությունը։ Ես սկսում եմ այս հոդվածաշարը ոչ թե որպես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ (որքան էլ որ դժվար էր չանդրադառնալ ՀՀԿ առաջնորդների արած ահռելի եւ անուրանալի աշխատանքին), այլ որպես անհատ, ում սերունդը տեսավ այն, ինչ տեղի ունեցավ «թավիշի» եւ «հեղափոխության» անվան տակ։
Խոստացված արդարության, իրավական պետության, տնտեսական զարգացման, ազգային արժանապատվության եւ «Նոր Հայաստանի» փոխարեն իմ սերունդը ստացավ մոռացվող խոսոտումներ, կրկնվող ՍՏԵՐ, կորսված Արցախ, վտանգված պետականություն եւ անորոշ ապագա։
Այս հոդվածները գրվելու են, որ փաստերն ու հիշողությունները չկորչեն եւ հիշենք, որ ճշմարտությունը երբեք չի զիջում ժամանակավոր պոպուլիզմին։ Այս հոդվածաշարը կօգնի կանգնեցնել մոռացության հեղեղը՝ ՈՐՊԵՍԶԻ ՀԻՇԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՍԿԱՆԱՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՉԿՐԿՆԵՆՔ։ Ճշմարտությունը պետք է պաշտպանել փաստերով, հիշողությամբ եւ անվախ ձայնով։ Սա իմ ձայնն է, որպես քաղաքացի, ով այլեւս չի պատրաստվում շարունակել լռել։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականի ապրիլին, Երեւանի սրտում՝ Հանրապետության hրապարակում, շատ բարձր աղաղակեց այս մասին։ Փաշինյանի կենսագրությունը ցույց է տալիս հետեւողական եւ ծրագրավորված շարժում դեպի իշխանության գագաթնակետը։
Նրա հռետորաբանությունը՝ երբեմն բարձր եւ կտրուկ, ուղեկցվեց հետեւողական քաղաքական քայլերով, որոնք նպատակաուղղված էին ոչ միայն իշխանափոխությանը, այլեւ իշխանության ամբողջական կենտրոնացմանը։ Փաշինյանի կենսագրությունը փաստում է երկարամյա քաղաքական հետեւողականություն. լրագրողից եւ ընդդիմադիր պատգամավորից մինչեւ կուսակցության ղեկավար եւ զանգվածային շարժման կազմակերպիչ։ Նրա գլխավորած «Քայլ արա» շարժումը չսահմանափակվեց ընդվզմամբ. այն ուներ հստակ կառուցվածք, կազմակերպվածություն եւ բանակցային ռազմավարություն։
2018 թ. ապրիլին Փաշինյանը ոչ միայն պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլեւ անձամբ առաջադրվեց վարչապետի պաշտոնում՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը պետք է ընտրի հենց իրեն, առանց այլընտրանքային թեկնածուների քննարկման։ Այս քայլը փաստում է իշխանության ձգտման եւ ղեկավար դերակատարության հստակ նպատակադրվածություն։
Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը նշանակեց իր թիմի անդամներին բարձրագույն պաշտոններում՝ ամրապնդելով քաղաքական հենարանը։ 2021 թվականի, ներքաղաքական ճգնաժամի պայմաններում, նա նախաձեռնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ պահպանելու կառավարական մանդատը։ Այս գործընթացը ցույց տվեց ոչ միայն քաղաքական ճկունություն, այլեւ իշխանությունը պահպանելու պատրաստակամություն։
Փաշինյանը բազմիցս պնդել է, թե ինքն անձամբ երբեք չի ձգտել իշխանության։ Սակայն փաստերը՝ նրա նախաձեռնած շարժումներից մինչեւ վարչապետի պաշտոնի պահանջը, հակառակն են վկայում։ Մարդը, ով հետեւողականորեն անցել է քաղաքական պայքարի եւ իշխանական մոբիլիզացիայի բոլոր աստիճաններով, չի կարող դիտարկվել որպես իշխանությունից անհեռատես գործիչ։
Փաշինյանի գործողությունները՝ սկսած 2018 թ. շարժումից մինչեւ 2021 թ. արտահերթ ընտրություններ, փաստում են իշխանության ձեռքբերման եւ պահպանման հստակ ռազմավարություն։ Սա ոչ թե ենթադրություն է, այլ փաստերի շղթա, որը ցույց է տալիս նրա քաղաքական նպատակների ծրագրավորված բնույթը եւ հակասությունը՝ «չեմ ձգտել իշխանության» հայտարարությունների հետ։
Իշխանության չձգտող մարդը նման կտրուկ կերպով չի վերցնում ողջ պետության լծակները։ Եվ, ի վերջո, մարդը չի կարող չձգտել իշխանության եւ միեւնույն ժամանակ հայտարարել ի լուր աշխարհի. «Կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն ընդհանրապես չի ունենա վարչապետ»։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2025