«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:
– Լավ, ի՞նչ եք կարծում` ընդդիմադիրներն ի՞նչ թերացումներ ունեն, որոնք խանգարում են նրանց:
– Կա վիճակագրության խնդիր: Բոլոր ընդդիմադիր բլոկներն այսօր աշխատում են ընդդիմադիր ձայների վերաբաշխման վրա: Բայց կա մի խնդիր` այդ բոլոր ձայները 50 տոկոսից փոքր են: Ես չեմ տեսնում աշխատող ստրատեգիա, որն ընտրության կբերի մարդկանց, ովքեր մշտապես ընտրությունների չգնալով Նիկոլ Փաշինյանին նվիրում են «տորթի» 50 տոկոսից ավելին: Սա է խնդիրը: Քաղաքական ընդդիմադիր խավը կարողանալո՞ւ է լուծել այս հարցը, թե՞ ոչ: Այլ խնդիր այժմ ես չեմ տեսնում: Այն, ինչ անում են այսօր, հալալ լինի բոլորին, դա էլ ընդդիմադիր գործիչների զբաղմունքն է: Վերադասավորումներ են, հորիզոնականների փոխատեղումներ եւ այլն, հալալ լինի իրենց, բայց հարցերը չեն լուծվելու այս տրամաբանությամբ, այս սեգմենտով, այժմ ես այլ սեգմենտ չեմ տեսնում…. սովորաբար 1 միլիոն 200 հազարի կարգի մասնակցություն է լինում: Դա ընտրության իրավունք ունեցողների իքս զանգվածն է: Ընտրությունների չգնացող զանգվածն ունենում է որոշիչ դեր: Նրանց մի մասը երկրում չէ, արտագնա աշխատանքի է մեկնել, մի մասը տոտալ ապաքաղաքական է, եւ ինչ էլ լինի, չի գնալու ընտրության: Կան մարդիկ, որոնց համար ընտրությունն անկարեւոր մի բան է, ասում են` եղբայր, ի՞նչ եք ուզում, գնացեք՝ դուք ձեզ համար ղեկավար ընտրեք, մեզ հանգիստ թողեք: Բայց կա նաեւ մի հատված, որը բոյկոտում է: Այլ հավասար պայմաններում ընտրության անպայման կգնային, սակայն այժմ ընտրության չեն գնում: Հենց այս զանգվածի խնդիրն է այսօր դրված: Իմ տպավորությամբ` այս անգամ ընտրություններին անգամ մեկ միլիոն 200 հազար քաղաքացի չի մասնակցելու: Ավելի քիչ քանակի մարդիկ են մասնակցելու: Եթե իմ կանխատեսումը ճիշտ լինի, ապա այն ռեյտինգները, որ այսօր տեսնում ենք տարբեր սոցիոլոգիական հարցումներում, այն, որ պատերի տակ որոշ մարդիկ հա-հա, հի-հի են անում, ասում են` տեսա՞ք, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ինչքան է իջել, դարձել է 17 տոկոս, այդ 17 տոկոս ռեյտինգը դառնալու է 34 տոկոս քվե: Այն դեպքում, երբ դեռ չի սկսվել պաշտոնական քարոզարշավը: Հիմա հարցը հետեւյալն է. կա՞ մարդ, որը կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանի գրագետ քարոզարշավի եւ ընդդիմության ոչ գրագետ քարոզարշավի պարագայում Փաշինյանը կարողանալու է եւս 16 տոկոս ձայն մոբիլիզացնել: Ֆիքսենք նաեւ մի բան. սոցիոլոգիական հարցումների դեպքում պետական հաստատություններում աշխատող անձինք ներառված չեն, նրանք հարցերին չեն պատասխանում, չեն ասում, որ Փաշինյանի կողմնակիցներն են, սակայն ընտրություններին իրենց ձայնը տալու են իշխանության օգտին:
– Կարծում եք՝ Փաշինյանի քարոզարշավները գրագե՞տ են կազմակերպված:
Կարդացեք նաև
– Այո, շատ, նա շատ գրագետ քարոզչություն է անում: Նա գրեթե ոչ մի սխալ քարոզարշավում իրեն թույլ չի տալիս:
– Օրինակ` ի՞նչն է ճիշտ անում, ի՞նչը կարող է հասարակությանը գրավել նրա ագրեսիվ խոսույթում, հայտարարություններում:
– Ամեն ինչ ճիշտ է անում: Նախ՝ նա զավթում է քաղաքական օրակարգը: Ամեն առավոտ մենք արթնանում ենք եւ քննարկում երբեմն ծիծաղելի, սակայն նրա մազալու քայլերը, հայտարարությունները, գործողությունները: Բոլորն արձագանքում են նրան, տեղավորվում են նրա օրակարգի մեջ, գլուխ են ցավեցնում, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի հորինած լակմուսի թուղթը, այն է` դու խաղաղության կողմնակի՞ց ես, թե՞ պատերազմի, ինչպես հակադարձեն, ինչպես այդ քննությունը ստանան դրական եւ այլն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: