Չէ՛, սա մարտական գործողությունների ամփոփաթերթիկ չէ, այլ ընդամենը 1-2 օրվա քրեական լրահոսից ծաղկաքաղ: Աբովյանում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ, երկուսի վիճակը գնահատվում էր ծանր: Արամուսում դաշտային աշխատանքների գնացող երկու տարեց ամուսինների գնդակահարել են: Որոշ ժամանակ անց մարդասպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է: Չարենցավանում հուղարկավորության արարողության ժամանակ հենց եկեղեցում ինչ-որ մեկը դանակահարել և սպանել է հանգուցյալի քավորին: Հետագայում հաղորդվեց, որ դանակահարողը հոգեբուժարանում հաշվառված անձ է:
Երբ ոստիկանության, առհասարակ իրավապահ համակարգի փոխարեն այդ ամենից ձևավորում ես ընդամենը «ախռանկա», ապա հետևանքը լինում է նման խայտառակ վիճակը: Ավելին, երբ պետության ղեկավարի փոխարեն ունես ատելություն սերմանող, ստող ու ցանկացած պատասխանատվությունից «կռուտիտներով» խուսափող անձ, ապա հետևանքը անխուսափելիորեն լինում է նման պատկերը: Ու ընդհանրապես, երբ մասնագիտացված կառույցների և օղակների փոխարեն ձևավորում ես իշխանության ղեկավարին «անձնական հավատարմության», շողոքորթելու և քծնելու կարողության վրա ձևավորված ինչ-որ «օֆիսներ», հետևանքը լինելու է և լինում է սա:
Պարադոքսալ է հնչում, բայց որքան շատ են Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանը վերածում ոստիկանապետության, այնքան ավելանում են ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, կրակոցները, դանակահարությունները, սպանությունները: Որքան շատ են խոսում «բարեփոխված ոստիկանությունից», այնքան ավելի ցցուն ու դաժան երանգներով են դրսևորվում այդ ոլորտի անգործության կամ թերի գործունեության հետևանքները:
Ինչո՞վ են զբաղված վերջին տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչականը, դատախազությունը, դատարանները: Բոլոր այդ կառույցները գերազանցապես զբաղված են Փաշինյանին քննադատողներին հետապնդելով, գաղտնալսելով, հրապարակային ակտիվություն դրսևորողներին ահաբեկելով, զբաղված են Նիկոլ Փաշինյանի ու առանձին «ընտրյալ» քպականների պահպանությունն ապահովելով: Գործնականում, հարկատուների հաշվին գոյություն ունեցող բոլոր այդ պետական կառույցներն զբաղված են մեկ անձի պահպանությունն ու քմահաճույքները սպասարկելով: Ի լրումն՝ իր ընդդիմախոսների նկատմամբ ունեցած անառողջ ցանկությունները («ԱԱԾ պադվալները լցնել», «բանտերը լցնել» և այլն) բավարարելով:
Կարդացեք նաև
Ի դեպ, իշխանության նման թուլությունը և ոստիկանության, իրավապահ համակարգի «կողմնակի զբաղվածությունը» ամենից արագ զգում են հենց քրեածին տարրերը: Զգում են և փորձում են օգտվել իրավիճակից:
Ինչ վերաբերում է կառավարության ամենավերին օղակից սերմանվող ատելությանը, չարությանն ու իշխանության ձևավորած ներքին թնամանքի մթնոլորտին, ապա դա անխուսափելիորեն է հանգեցնում նման կրիմինալ հետևանքների: Դա աքսիոմա է:
Ավելին, Փաշինյանի կողմից իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարային դրսևորումները որոշակի հակումներով անձանց վրա վերին թույլտվության էֆեկտ են ունենում: Դե, եթե Փաշինյանին կարելի է հաշվեհարդար տեսնել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, ապա ինչո՞ւ պետք է որսորդական հրացան ունեցող մեկը, որոշակի հանգամանքներում չմտածի, որ կարող է բռնել ու գնդակահարել իրեն ինչ-որ բանով նեղացրած համագյուղացուն:
Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրի ավտոճանապարհներին ու մայրաքաղաքի փողոցներում: Մի «գժանոց» էլ դա է: Ավելի ճիշտ՝ բարձիթողի վիճակ է:
Հանգստյան օրերին առիթ եղավ «պտույտ մը» գործել՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով: Ամբողջ ճանապարհին պարեկային ոստիկանության գեթ մեկ մեքենա չհանդիպեց: Իսկ այն, ինչ կատարվում էր ճանապարհներին երթևեկության առումով, կարելի է բնորոշել մեկ բառով՝ այլանդակություն:
Մի խոսքով, ամենօրյա քաոս է: Ամենուրեք: Բոլոր ոլորտներում…
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։