«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Մենք, որպես ժողովուրդ, կարծես ծնվել ենք խորհուրդ տալու ու խորհրդով ապրելու համար։ Մեզ թվում է՝ յուրաքանչյուր պահի մենք պիտի «ուղղենք» միմյանց ճանապարհը, պիտի «հուշենք», թե ինչպես է պետք վարվել, ինչպես խոսել, ինչպես քայլել։ Այնպիսի զգացողություն է, որ մեր ԴՆԹ-ի մեջ սևով գրված է. «Դու միշտ իմաստուն ես, իսկ դիմացինդ՝ անպայման տհաս ու մոլորված»։ Մենք ոչ թե քաղաքացիական հասարակություն ենք, այլ համազգային «խորհրդատուների գիլդիա»։
Հենց որևէ մեկը հնչեցնում է նոր նախաձեռնության մասին, տեղում հայտնվում է հարյուրավոր իմաստունակերպ փորձագետների բանակը. «պետք է միանաս այսինչին», «պետք է չերևաս սրա մարդը», «պետք է հնչես ավելի խրոխտ», «պետք է խոսես ավելի համոզիչ»։ Մի խոսքով՝ բոլորը դառնում են մտքի գիգանտներ` ինչպես հայտնի մուլտֆիլմում. բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա։
Եվ ահա, հայտնվում է մեկը, ով համարձակվում է հայտարարել, որ ինքը պատրաստ է հենց այդ զանգը կախել։ Ոչ թե հերթական ճառասացը լինել, այլ գործ անել։ Որ ինքը ուզում է միավորել ու ներքին խաղաղություն բերել։ Եվ, ինչ է տեղի ունենո՞ւմ. հենց այդ պահից սկսվում է իսկական ազգային մարզաձևը՝ խորհրդատվական մարաթոնը։ Խորհուրդների հեղեղը այնքան խիտ է, որ առաջնային կարևոր գաղափարը խեղդվում է դրանց տակ։
Կարդացեք նաև
Այստեղ է, որ վառ կերպով արտահայտվում է մեր քաղաքական մշակույթի ամենախոցելի գիծը: Մենք բոլորս ուզում ենք հնչեցնել ճշմարտությունը, բայց ոչ ոք չի ուզում կրել դրա պատասխանատվությունը։ Բոլորս ուզում ենք նստել խորհրդատուի դիրքում, սակայն իրական գործը թողնել ուրիշի ուսերին։ Արդյունքում ստացվում է խորհրդատու ազգ՝ առանց գործի։ Խորհրդի ծով՝ առանց նավավարի։
Այո, մենք հանճարեղ ենք խորհրդի մեջ, բայց աղետալիորեն աղքատ՝ գործի մեջ։ Դրա համար էլ զանգը շարունակում է մնալ կախված օդում։