«Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացրին՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պատանդառված Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ-ի՝ անձանց ապօրինի կալանավորման հարցերով հանձնաժողովի տված եզրակացությունը ճանաչել անվավեր ու ձեւավորել նոր հանձնախումբ:
– Լուիզ Մորենո Օկամպոն (խմբ. արգենտինացի իրավաբան) բաց աղբյուրների հիման վրա արված իր հետաքննությամբ պարզել է, որ այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի՝ անձանց ապօրինի կալանավորման հարցերով հանձնաժողովը տվել է եզրակացություն, որով հավաստում է, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կամայական չէ: Հետաքննությունը ցույց է տալիս, որ հանձնախումբը ղեկավարող Հաննա Յուդկիվսկան գրանցված է եւ աշխատում է ադրբեջանական նավթային պետական «Socar» ընկերությունում որպես իրավական շահերի պաշտպան: Ուղղակի իրավաբան է, որ պաշտպանում է ադրբեջանական ընկերության շահերը: Դրան գումարվում է այն, որ նրա ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչը հրապարակային 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո իր աջակցությունն է հայտնել Ալիեւին, ջատագովել նրա սկսած ռազմական գործողությունները:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի կանոնակարգը պահանջում է, որ շահերի բախում ունեցող անձինք չներգրավվեն նման հանձնաժողովներում: UNWG հանձնախմբի այս եզրակացությունը համարում ենք կամայական եւ համոզված ենք, որ եթե այսպես շարունակվի ու ՄԱԿ-ը հետ չկանչի այդ եզրակացությունը, չձեւավորի նոր հանձնախումբ, ՄԱԿ-ի կանոնակարգի համապատասխան՝ կունենանք Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչախմբի կողմից նոր այսպիսի դիմումներ: Նրանք Բաքվի բանտերում ապօրինի գտնվող մեր պատանդների վերաբերյալ կկարողանան գնել ու կառավարել ՄԱԿ-ը եւ ստանալ թղթեր՝ ապացուցելով որ էթնիկ զտում իրականացրած ցեղասպան պետությունը չէ մեղավոր, այլ ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա ինքնահռչակված հանրապետության ազգային ազատագրական պայքարը իրականացնող գործիչներն են իբրեւ թե ահաբեկիչներ:
Սա պատահական եզրակացություն չէ: Սրա հիմքում դրված է Ադրբեջանի միտումը միջազգային ատյանների միջոցով, եթե դրանից առաջ կարողացան ուժով փոխել ստատուս քվոն, զավթել Արցախը, հիմա փորձում են իրավական ճանապարհով ապացուցել, որ Բաքվի բանտերում գտնվող անձինք իբրեւ թե կամայական չեն ձերբակալվել: Նրանց մեղսագրվելու է ռազմական հանցագործ եւ ահաբեկիչ լինելու մեղադրանքը: Այն պարագայում, երբ ՄԱԿ-ում հաստատված է , որ Ադրբեջանը ղեկավարող Ալիեւի վարչակազմը էթնիկ զտում է իրականացրել, իսկ էթնիկ զտումը ցեղասպանական գործողություն է: Պահանջում ենք այդ եզրակացությունը ճանաչել անվավեր՝ ելնելով ՄԱԿ-ի կանոնակարգից ու ձեւավորել նոր հանձնախումբ,- լրագրողներին ասաց լեզվաբան, «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը:
Նա նաեւ նկատեց, որ այդ եզրակացությանը պետք է արձագանքեին ՀՀ ԱԳՆ-ն, արդարադատության նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, մարդու իրավունքների պաշտպանը:
-Արձանագրենք, որ մեր պետությունը լռում է, իսկ այս խնդիրների բարձրաձայնումը իր վրա վերցրել է Լուիզ Մորենո Օկամպոն: Հայաստանում իշխանությունը գրաված քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ոչ միայն չի կատարում իր սահմանադրական պարտքը՝ պաշտպանել ՀՀ սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունն ու շահերը, այլեւ լռում է՝ելնելով տարբեր դրդապատճառներից,- հավելեց Դիլբարյանը:
«Միասին» շարժումը միավորում է երկու կուսակցություն եւ 40-ից ավելի հ/կ-ներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ