Հոկտեմբերի 19-25-ը Երևանում կանցկացվի 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։ Հանդիսատեսին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` լի անիմացիոն ֆիլմերով, վարպետաց դասերով, բացառիկ նախագծերով ու ոլորտի միջազգային առաջատար մասնագետների հետ հանդիպումներով։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կինոյի Տանը, ինչին կհաջորդի ֆրանսիացի հայտնի անիմատոր, ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմի ցուցադրությունը։
Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «ՄարԱնի» հարթակը՝ նախատեսված ոլորտի ներկայացուցիչների համար։ Դրա շրջանակներում հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում միջազգային և տեղի առաջատար մասնագետները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով, կիրականացնեն պանելային քննարկումներ։
Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ «Arcane» սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։
Կարդացեք նաև
Փառատոնի շրջանակում, ԹՈՒՄՈ Կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ կունենա MarAni ֆորումի շրջանակում, ինչպես նաև կունենա վարպետության դաս ԹՈՒՄՈ-ում։ Իսկ «Elio»-ն հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։
ReA-ի հատուկ հյուրերից է նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ կունենա MarAni ֆորումի ընթացքում։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը», հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայաստանյան հանդիսատեսին։
MarAni-ի շրջանակներում այս տարի ևս կանցկացվի CoReAct համարտադրության հարթակը։ Այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 11 նախագիծ։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները։ հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Ծրագրին աջակցում է Հայաստան համահայկական հիմնադրամը:
Փառատոնն այս տարի հյուրաշատ է։
Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։
Հայաստան է ժամանելու նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը, որը ամենաանվանի հեղինակներից մեկն է Իններորդ արվեստի ժանրում։ Հոկտեմբերի 20-ին Բերբերյանը կանցկացնի աշխատարան, որտեղ մասնակիցները կծանոթանան նրա փորձին և ստեղծագործական աշխարհին։
Մյուս սպասված հյուրը իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն է, որը հոկտեմբերի 22-ին կանցկացնի աշխատարան։
Հայաստան կժամանի անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան, որը հոկտեմբերի 24-ին կանցկացնի վարպետության դաս Հայաստանի Կինոգործիչների միությունում։
ReA Comics-ի Ազգային մրցույթին ներկայացված են կոմիքսների 15 նախագիծ, որոնց ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-26-ը ՆՓԱԿ-ում։ Ժյուրին կընտրի հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից։
ReA Comics-ը հայերեն է թարգմանել պատկերապատված 5 վեպ, որոնց շնորհանդեսը տեղի կունենա ReA փառատոնի ընթացքում։
1․ Ժան֊Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը. Կամիր պաստառի մահապարտները»
2․ Շառլ Բերբերյանի «Արևելյան Դաստիարակությունը»
3․ Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում»
- Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջ»
- Լենա Դերունցի «Մխիթարանքը»
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Փառատոնի ֆիլմերի ցուցադրությունների տոմսերը հասանելի են Tomsarkgh.am-ում։
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն