Լրահոս
Օրվա լրահոսը

Համագյուղացու դրդմամբ՝ երիտասարդը կատարել է 33-ամյա բալահովիտցուն սպանելու նախապատրաստական գործողություններ՝ հետևել նրա տեղաշարժին, իր մոտ պահել հրազեն

Հոկտեմբեր 14,2025 17:18

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում նույն գյուղի 35-ամյա բնակչի և Բալահովիտ գյուղի 33-ամյա բնակչի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչից հետո 35-ամյա տղամարդը, վրեժխնդրության նպատակով, համագյուղացի 28-ամյա ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա բալահովիտցուն:

Հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստան, 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել և բնակության վայրում պահել հրազեն, փամփուշտներ և մարտական նռնակ:

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը կատարել է 33-ամյա բալահովիտցուն սպանելու նախապատրաստական գործողություններ. իր մոտ պահելով ապօրինի զենք-զինամթերք՝ նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն և հետևելով տեղաշարժին՝ կատարել է լուսանկարահանումներ, սակայն բալահովիտցին հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել:

Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ Վերին Պտղնի գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը, 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ, 33-ամյա բալահովիտցուն սպանելու համար փնտրել են հարմար առիթ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կանխվել է սպանության մտադրությունը: Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և կալանավորվել են։

Նախապատրաստվող հանցագործության գործիք զենք-զինամթերքը հայտնաբերվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031