«Ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների, ծանոթների միջև բոլոր այն փոխանցումները, որոնք իրենց մեջ գործարք չեն պարունակում, հարկման ենթակա չեն, անկախ այն հանգամանքից, թե այդ գումարի չափը որքան է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգին։
Պատգամավորն ասում է, բայց եթե հարկային մարմինը տեսնում է, որ քաղաքացին յուրաքանչյուր ամիս մի քանի հոգուց ստանում է մի քանի մլն դրամ, ու եթե ողջամիտ կասկած է առաջանում, որ դա հենց այնպես չի լինում՝ կարող է ինչ-որ գործունեության, ծառայության դիմաց է ստացել, այդ ժամանակ ասելու են, բացատրի այդ գումարների ծագումնաբանությունը։ Միևնույն ժամանակ եթե հարկային մարմինը կասի, որ պետք է հարկվի այդ գումարը, ինքը պետք է ապացուցի, որ այդ եկամուտը ոչ թե պարզապես փոխանցում է կամ նվիրատվություն, այլ՝ հարկվող եկամուտ։ Բայց դա այլ գործընթաց է։
Հիշեցնենք, որ իշխանությունները ցանկանում են այնպիսի փոփոխություն իրականացնել հայտարարագրման համակարգում, որ ՊԵԿ-ը նախապես լրացնում է քաղաքացիների հայտարարագրերը, պարզապես մարդիկ ստուգում են այն և ուղղում անճշտությունները, եթե այդպիսիք լինեն։ Եվ հայտարարագիրը համարվում է լրացված։
Բաբկեն Թունյանը նաև տեղեկացրեց, որ կառավարությունը շրջանառում է որոշման նախագիծ, որի համաձայն քարտով առևտրի դեպքում բոլոր քաղաքացիները քեշ-բեկ կստանան։ Այդ համակարգը հիմա գործում է միայն թոշակառուների համար։