Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրում է.
«Ներողություն եմ խնդրում, եթե թվա, թե անձնական խնդիրներով ձանձրացնում եմ, բայց այն, ինչի մասին պետք է գրեմ, այնքան էլ անձնական չէ։
Ուղիղ մեկ ամիս առաջ գրել եմ իմ դեմ կատարված դիմակավորված հարձակման մասին։ Նորից չգրելու համար նախապատմությունը, առաջարկում եմ դրան ծանոթանալ այստեղ։
Ինչպես տեղեկացրել եմ, իմ դեմ հարձակման օրը հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն ու նույն օրը քրեական գործ է հարուցվել։ Իրավապահներին հնարավորինս մանրամասն ներկայացրել եմ դեպքի հանգամանքների եւ դրա դրդապատճառներին վերաբերող իմ կասկածների մասին։ Տարածքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տասնյակ տեսախցիկներ կան, որոնցից առնվազն մեկը՝ իմ աշխատավայրի տեսախցիկը, արձանագրել է հարձակման պահը։ Եվ այդքանով հանդերձ, մեկ ամիս անց հանցանքը չի բացահայտվել, մեղադրյալներ, ինչքան տեղյակ եմ, չկան, իրավապահները չեն կարողացել բացահայտել (կամ գուցե չեն ուզեցել կամ գուցե հրահանգ են ստացել չբացահայտել) դասականի խոսքով ասած, «ուչաստկովիի մակարդակի» գործը։
Կարդացեք նաև
Փոխարենը, այս ընթացքում
- երկրի կառավարող վերնախավի որոշ ներկայացուցիչներ (այդ թվում՝ մեկ նախարար) դեպքի հետ կապված ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ են արել՝ ըստ էության արադացնելով իմ դեմ կատարված բռնությունը,
- Երեւանի քաղաքապետարանի` գողական «պանյատներով» առաջնորդվող պաշտոնյան, փաստորեն քաղաքական աջակցություն է ստացել իր ղեկավար Տիգրան Ավինյանից, երկշաբաթյա արձակուրդից հետո վերադարձել է աշխատանքի ու շարունակում է զբաղվել «հասարակական կարգի պահպանությամբ»։
Նկարագրածս է՛լ ավելի է խորացնում նախկինում հայտնածս համոզմունքը հարձակման դրդապատճառների մասին։ Իհարկե, նախաքննության մարմինը, իրավապահ համակարգը կարող են փարատել իմ կասկածները եւ ապացուցել, որ սխալվում եմ․ շատ պարզ ձեւով՝ բացահայտելով հանցանքը։ Հակառակ դեպքում, բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ քննության «դանդաղկոտությունը» պայմանավորված է հենց վերը նշված հանգամանքներով ու քաղաքական շարժառիթներով։
Իմ ընկերներին ու առհասարակ, հետաքրքրվողներին տեղեկացնում եմ, որ հետեւողական եմ լինելու՝ բոլոր հանգամանքները պարզելու, պատասխանատուներին ջրի երես հանելու եւ վնասազերծելու համար։ Հայաստանում չպետք է լինեն հանրային խոսքի համար գողական ռազբորկաների հրավիրող ու ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող պաշտոնյաներ, չպետք է լինի հանրային քննադատության դիմաց մթության մեջ դիմակավորված հարձակում, չպետք է լինի խուժանին ուղղակի կամ անուղղակի աջակցություն մատուցող քաղաքական վերնախավ»։