Բայց Անկախության հռչակագրին հղումը պետք է մնա
Գործող սահմանադրությունը Փաշինյանին անվերջ վերարտադրվելու հնարավորություն է տալիս: Պարզ է, որ «Չորրորդ հանրապետության» սահմանադրության մեջ այդ նորմը պահպանվելու է: Ձեւական առումով կառավարման կարգը «խորհրդարանական» է, բայց իրականում՝ նախագահական, եւ նախագահը (որը «վարչապետ» է կոչվում) կարող է վերընտրվել անսահմանափակ անգամներ՝ ձեւ անելով, որ վերընտրվում է ոչ թե ինքը, այլ իր կուսակցությունը: Պարզ է, որ Փաշինյանն այն ղեկավարը չի, որ կամովին գնա իր լիազորությունների կրճատմանը եւ սահմանափակի իր վերընտրվելու հնարավորությունը:
Ո՞ր լիազորությունների մասին է խոսքը: Բերեմ մի օրինակ Արա Թադեւոսյանի «Դավիթ Տոնոյան. բանակը, քաղաքականությունը, պատերազմը» գրքից: «Ես հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը (2020 թվականի սեպտեմբերի 27-ին – Ա.Ա.) ռազմական դրություն հայտարարելուց հետո, – հարցնում է պաշտպանության նախկին նախարարը, – գերագույն հրամանատա՞ր էր, թե՞ ոչ: Սահմանադրությամբ ու օրենքով՝ ոչ: Բայց փաստացի ստանձնել էր այդ գործառույթը»: Ահա եւ ստացվում է, որ պատերազմի ժամանակ Փաշինյանն ամեն ինչ որոշում էր, բայց պարտության մեջ «ոչ մի մեղք չունի»՝ ռուսները, 5-րդ շարասյունը եւ 11 հազար դասալիքները «սարքել են խեղճ հարիֆի գլխին»:
Սա լիազորությունների եւ պատասխանատվության բաշխման անհստակության մի օրինակ է: Ճիշտ է, տվյալ դեպքում այդ անհստակությունը աղետի, ողբերգության պատճառներից մեկն է:
Կարդացեք նաև
Իշխանությունը, բնականաբար, ամեն ինչ անելու է՝ սահմանադրության իր տարբերակը «սղացնելու» համար՝ օգտագործելով ճնշումները, վարչական լծակները, ռեպրեսիաները եւ այլն: Ընդսմին շարունակվելու են «ժողովրդի կամքի» մասին ճամարտակությունները: Իրականում գործող սահմանադրությունը Փաշինյանին միանգամայն ձեռք է տալիս, բացառությամբ՝ Անկախության հռչակագրին արվող հղումից, որը պետք է հեռացվի Ադրբեջանի պահանջով: Հենց դրա համար էլ ձեռնարկվում է «սահմանադրությունը փոխելու» այս ամբողջ գործընթացը: Կասեք՝ արժե՞ արդյոք մեկ նախադասություն հանելու համար այդ ամենը նախաձեռնել: Դրան ի պատասխան հիշեցնեմ, որ 2020 թվականին Փաշինյանը պատրաստվում էր հանրաքվեով փոխել սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով:
Գուցե արժե՞, որ ընդդիմությունը մտածի սահմանադրության իր տարբերակն առաջարկելու մասին, որպեսզի դա լինի իսկապես արմատական փոփոխության եւ ոչ թե Ալիեւին բավարարելու համար, մեկ նախադասություն հանելուն ուղղված գործընթաց: Անկախության հռչակագրին հղումը, հակառակը, պետք է մնա:
Անձամբ ես կցանկանայի, որ Հայաստանը վերադառնար նախագահական կամ կիսանախագահական համակարգին, որ նախագահը թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ ռազմական դրության, թե՛ պատերազմի ժամանակ լիներ Զինված ուժերի գլխավոր հրամանատար: Եվ ամենակարեւորը՝ նախագահը հնարավորություն ունենար ընտրվելու միայն երկու անգամ՝ 5 տարի ժամկետով, եւ հետագա սահմանադրական, կառավարման ձեւի փոփոխությունների, 5-րդ կամ 6-րդ հանրապետություն հռչակելու դեպքում որեւէ հնարավորություն չունենա գնալու երրորդ ժամկետի:
Բնականաբար, նախագահի լիազորությունները պետք հակակշռվեն խորհրդարանով եւ Սահմանադրական դատարանով: Խոսքը ե՛ւ նախագահի «վետո»-ն հաղթահարելու, ե՛ւ նախագահի իմպիչմենտի մեխանիզմի, ե՛ւ որոշ պաշտոնների նշանակման մասին է:
… Այո, Գերմանիայի դաշնային հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգ է: Բայց այդ երկիրն ունի 80 տարվա ժողովրդավարության ստաժ: Իսկ մեր ստաժն այս պահին զրո է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2025