«Այսօր առավոտյան քննչական մարմինը իրավապահ մարմինների ուղեկցությամբ խուզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգեւորականների տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում եւ աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում։ Առգրավել են տարբեր փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում՝ մի աշխարհիկ աշխատակցուհու ընտանիքի անդամների հեռախոսները, համակարգիչները։ Եվ իրենց էլ փաստացի բերման են ենթարկել, բերել են այստեղ։ Բացի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանից, բոլորն այստեղ են՝ 6 քահանաներ եւ մի քանի աշխարհիկ աշխատակիցներ՝ գանձապահ, գործավար, հաշվապահ։ Հիմա Մկրտիչ սրբազանի տեղը չեն հայտնում։ Մենք պաշտոնապես դիմել ենք ՔԿ եւ Երեւանի քննչական վարչությանը եւ խնդրել ենք, որպեսզի իրենք ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ սրբազանի հետ»,- լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ մյուս քահանաները բոլորը Երեւանի քննչական վարչության շենքի ներսում են եւ վկայի կարգավիճակ ունեն։ «Մկրտիչ սրբազանի մասով այսպիսի իրավիճակ է՝ Քրեական օրենսգրքի 451 հոդված կա, որը բռնի անհետացման մասին է խոսում։ Բավականին ծանր հոդված է․ «Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։ Այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել, որովհետեւ մեր բոլոր փորձերը՝ մեր վստահորդին հանդիպելու, փաստորեն ձախողվել են»,- նշեց Արա Զոհրաբյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը հակաեկեղեցական տրամաբանության շրջանակներում է, սա ճնշում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ «Մեր տեղեկություններով՝ քրեական գործն առնչվում է հավաքներին իբրեւ հարկադրելու մասին Տեր Արամի ցուցմունքի կամ հաղորդման հետ։ Եվ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ է կապված»,- հավելեց փաստաբանը։
Արա Զոհրաբյանն ասաց, որ որքանով տեղյակ է՝ նաեւ Դանիել Իոաննիսյան հաղորդման հիման վրա է այս գործընթացն իրականացվում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. «Ադրբեջանական լրատվական ալիքները ցնծում են,- նշում է «Ազգային ճակատի» տելեգրամյան ալիքը՝ հրապարակելով լուսանկարներ: -Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող քայլերը ցնծություն են առաջացրել Բաքվում»: