ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը նեղսրտեց, երբ լրագրողները Հայաստանում կատարվող իրողությունները, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավը կապեցին Ադրբեջանի ղեկավարի եւ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունների հետ, մասնավորապես նրա այն ձեւակերպման հետ, որով ռեւանշիստական էր որակվել Հայ Առաքելական եկեղեցին:
«Ես առաջարկում եմ ընդհանրապես զերծ մնալ նման մեկնաբանություններից, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումներն ընդունում է բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին ընթացակարգերի, օրենքների շրջանակներում, խորհրդատվության կարիք չի զգում, առավել եւս հարեւան երկրների կողմից»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ դավադրության տեսությունները խանգարում են մեր երկրի առաջընթացին:
«Պետք չէ անընդհատ Փաշազադեին հիշել, որպեսզի ժողովուրդը մտածի, որ ամեն ինչ արվում է Ադրբեջանի պատվերով»,-նշեց նա:
Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին էլ ասաց, որ դրանք դատարկ խոսակցություններ են, որովհետեւ իրենք դեռեւս պատերազմից առաջ էին Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես եկել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է իրավապահների խուզարկություններին Արագածոտնի թեմի առաջնորդարանում եւ հոգեւորականների տներում, հետեւյալը նշեց. «Եթե Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը որեւէ հանցագործություն է արել, ապա այն չպետք է մեղմացվի՝ պայմանավորված պաշտոնով կամ զբաղեցրած դիրքով: Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, անկախ նրանից՝ հոգեւորական են, բարձրաստիճան պաշտոնյա, թե միջին վիճակագրական քաղաքացի»:
Լրագրողների հարցին՝ որ օգտագործելով տեր Արամին, իշխանությունները փորձում են ներսից քանդել եկեղեցին՝ ՔՊ-ականն այսպես արձագանքեց. «Լավ էլի… ի՞նչ է նշանակում եկեղեցին ներսից քանդել»: Դիտարկմանը, որ տեր Արամի հայտարարությունների հիման վրա են եղել ձերբակալությունները, պատգամավորն այսպես արձագանքեց. «Եթե հայտարարություններն անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ, ապա դրանք հետապնդվում են օրենքով»:
Դառնալով Միքայել սրբազանին, Լուսինե Բադալյանն ասաց. «Միքայել Սրբազանն ինքը խոստովանել է, որ բազմիցս կոչեր է արել Հայաստանում ռազմական հեղաշրջման…Կոչը կարող է լինել թե հարցազրույցով, թե հրապարակում, թե բարձրախոսով եւ թե ամեն կերպ»:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ նույն կերպ համապատասխան իրավական արձագանքի չեն արժանանում Նիկոլ Փաշինյանի՝ պատերին ծեփելու, ասֆալտին փռելու եւ նման այլ հայտարարությունները, ՔՊ-ականն այսպես պատասխանեց. «Եթե իշխանության որեւէ ներկայացուցիչ որեւէ նման կոչ կանի կամ որեւէ հարցազրույց կտա, ինքը եւս օրենքի առաջ պատասխանատու կլինի»: Նիկոլ Փաշինյանի կոչերի մասին նա ոչինչ չասաց, ընդամենը նշեց, որ պատերազմից հետո իրողությունները փոխվել են:
Ինչ վերաբերվում է հոգեւորականներին՝ շեշտեց. «Երբ հոգեւորականը զբաղվում է քաղաքականությամբ, ավտոմատ կերպով համարվում է քաղաքական գործիչ, ենթարկվում է նույն պատասխանատվության, ինչ մնացած քաղաքական գործիչները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ