Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց «Արհեստական բանականությունը և գյուղատնտեսությունը. տվյալների ինքնիշխանություն, սննդային անվտանգություն ու կլիմայական կայունություն» թեմայով կլոր սեղան քննարկումը։
Դեսպան Նարեկ Մկրտչյանն իր բացման խոսքում ընդգծեց նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման և գործնական համագործակցության խթանման համար։ Դեսպանը նաև անդրադարձավ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրերին և դրանցից բխող նոր հնարավորություններին՝ մասնավորապես արհեստական բանականության և տեխնոլոգիական համագործակցության զարգացման ուղղությամբ։
Քննարկմանը ներկա էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Փոխնախագահը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ՀՀ կողմից տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին առաջընթացները։ Նա շեշտեց, որ Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են արհեստական բանականության լուծումներ՝ կրթության, գիտության, առողջապահության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում, ինչը բացում է նոր հորիզոններ միջազգային գիտատեխնոլոգիական համագործակցության համար։
Կլոր սեղանի հիմնական բանախոսներն էին՝
• Դոկտոր Քոնրադ Ռայնը, Սննդային անվտանգության գլոբալ առաջատար նախաձեռնության գլխավոր քարտուղար,
Կարդացեք նաև
• Դոկտոր Նասեր Ալքահթանին, Սաուդյան Արաբիայի AGFUND-ի գործադիր տնօրեն,
• Դոկտոր Դաման Վալիան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակի խորհրդական։
Ներկա էին նաև Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) ոլորտային մասնագետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնավոր կազմակերպությունների ղեկավարներ։
Միջոցառման ավարտին մասնակիցները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը և մշակելու համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված կայուն զարգացման, նորարարական լուծումների խթանմանը և դրանց գործնական կիրառմանը՝ այդ թվում Հայաստանում։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն