Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի երկակի մոտեցումը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում. «Գեղարդ»

Հոկտեմբեր 15,2025 16:14

Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիսկտանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները Սամարղանդում 2025 թվականի ապրիլի 4-ին Եվրամիության և Կենտրոնական Ասիայի 1-ին գագաթնաժողովում ընդունեցին հռչակագիր՝ պարտավորվելով հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով «ամուր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541(1983) և 550 (1984) բանաձևերին»։ Վերջինները մերժում են Կիպրոս կղզում թուրքական անկախ պետության ստեղծումը, օրինական կազմավորում ճանաչում են միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ կիպրոսցի թուրքերին կոչ անելով հրաժարվել անկախության միակողմանի հռչակումից, իսկ ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ զերծ մնալ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (Հյուսիսային Կիպրոս, ՀԿԹՀ) ճանաչելուց։

Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ՀԿԹՀ-ի փաստացի ղեկավար Էրսին Թաթարն Ադրբեջանին խորը երախտագիտություն հայտնեց հետևողական աջակցության համար։ Է․Թաթարը նաև շեշտեց, որ «Ադրբեջանը միշտ եղել է Հյուսիսային Կիպրոսի կողքին»։ Կրկնելով «մեկ ազգ, երեք պետություն» ձևակերպումը՝ Է․Թաթարն ընդգծեց Իլհամ Ալիևի ամուր կապերը Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի հետ՝ շեշտելով երկկողմ համագործակցության ներուժը հատկապես կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Է․Թաթարը նաև առաջարկեց ընդլայնել համագործակցությունն ակադեմիական և մշակութային ոլորտներում՝ ստեղծելով ուսանողական փոխանակման ծրագիր Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի համալսարանների միջև։

ՀԿԹՀ նախագահի խոսքերը սամարղանդյան հռչակագրի ընդունումից հետո կարող ենք դիտարկել որպես ադրբեջանական աջակցությանն ապավինում՝ հաշվի առնելով ՀԿԹՀ-ին և նրա միջազգային ճանաչման ձգտումներին լիակատար աջակցության վերաբերյալ Իլհամ Ալիևի ապրիլի 9-ի հայտարարություններին արած հղումները։

Նույն ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հաստատեց Բաքվի «անսասան աջակցությունը ՀԿԹՀ-ին», իսկ Ալիևն իր հերթին հիշեցրեց իր աջակցությամբ Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) ՀԿԹՀ-ի՝ դիտորդի կարգավիճակ ստանալը։

Ադրբեջանի աջակցությունը ՀԿԹՀ-ին շեշտվել է նաև ապրիլի 9-ին՝ Բաքվի ADA համալսարանում՝ «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում, ուր Ի․ Ալիևը խոսել է ՀԿԹՀ-ի միջազգային ճանաչմանը լիակատար աջակցելու պատրաստակամության մասին՝ շեշտելով իր հրավերով Է․ Թաթարի մասնակցությունը Շուշիում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին և այնտեղ Հյուսիսային Կիպրոսի դրոշի ծածանման փաստը։

Բաքվի այս և վերջին շրջանի նմանատիպ այլ հայտարարություններ լրացուցիչ ուշադրություն են հրավիրում տարածաշրջանային նորօրյա իրողությունների պայմաններում Հյուսիսային Կիպրոսի անկախության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն ու հնարավոր վարքագծին։

Թեև Բաքուն 2004-2005 թվականներին և հաջորդող տարիներին ամուր կապեր էր հաստատել և բազմաթիվ առումներով ներգրավված էր հյուսիսկիպրոսյան հարցերում, այնուամենայնիվ փաստարկում էր, որ Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման դեպքում Հունաստանն ու եվրոպական այլ երկրներ կհակազդեն՝ ճանաչելով Արցախի անկախությունը։ Սակայն, ներկայում թուրքական և հյուսիսկիպրոսյան կողմերն ակնարկում են, որ նշված խնդիրն այլևս չեզոքացված է, և իրավական քայլեր են ակնկալում Բաքվից։

Բաքուն, սակայն, դեռ չի շտապում հռետորական, տնտեսական (ներդրումային) և հումանիտար հարթակներից (օրինակ՝ ՀԿԹՀ-ի փաստացի ղեկավարին դոկտորի կոչում շնորհելուց) անցում կատարել դեպի իրավական ճանաչման փուլի՝ խուսափելով Հունաստանի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումից։

Վերջին շրջանի քաղաքական որոշակի աշխուժությունը, որ Բաքուն ցուցաբերում է ՀԹԿՀ-ի հարցում, օրինակ՝ միջխորհրդարանական կապեր, պարբերական փոխայցելություններ, այդ թվում՝ Ստեփանակերտ, Շուշի, աջակցություն միջազգային հարթակներում, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, վկայում են միայն այն մասին, որ Ադրբեջանը փորձում է հավասարակշռել հարաբերություններն Իսրայելի և Թուրքիայի հետ։

Համարվում է, որ Ադրբեջանի ներկայիս այդ քաղաքականությունը պայմանավորված է Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական սակարկություններով։ Ադրբեջանի կողմից ՀԿԹՀ-ի ճանաչումը հակասում է Կիպրոսի հարցի լուծման արևմտյան «մոտեցմանը» և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։ Սակայն, Բաքուն չի կարող հաշվի չառնել նաև Թուրքիայի հետ 2021 թվականին կնքած Շուշիի հռչակագիրը, որը, փաստացի, որոշակի անվտանգային ապահովություն է հանդիսանում Ադրբեջանի համար։ Ադրբեջանի նորօրյա վարքագիծը նաև համեմատվում է 1992 թվականի զարգացումների հետ, երբ Հեյդար Ալիևի գլխավորությամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ճանաչեց ՀԿԹՀ անկախությունը՝ ստանալու Թուրքիայի աջակցությունը ներադրբեջանական քաղաքական դասավորություններում։

Սակայն այսօր Բաքուն ավելին անել մտադիր չէ, քանի որ այսկերպ մի կողմից շարունակում են աճել նրա հանդեպ ՀԿԹՀ անկախության ճանաչման ակնկալիքները, մյուս կողմից կտրուկ գործողությունները կնշանակեն ուղղակի ներքաշում թուրք-իսրայելական «կիպրոսյան» հակամարտության մեջ։

Իսրայելի դեպքում Հյուսիսային Կիպրոսը միջերկրածովյան ու մերձավորարևելյան տարածաշրջաններում իր ռազմաքաղաքական ու տնտեսական ռազմավարական ծրագրերի իրագործմանը սպառնացող կամ սահմանափակող խնդրահարույց կետ է։ Ոչ պատահականորեն՝ հրեական պետության ներկայացուցիչները նույնիսկ առաջ են մղում զենքի ուժով Կիպրոսն ազատագրելու մտադրությունները («Պոսեյդոնի զայրույթ»)։

Մյուս կողմից, վերջին շրջանում Հյուսիսային Կիպրոսում նկատվում է իսրայելական տնտեսական ներկայության աճ, հատկապես՝ անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում։ Այս տեղեկությունները համադրվում են Ադրբեջանի կողմից հայտարարված ներդրումային ծրագրերի հետ։ Հաշվի առնելով Բաքվի և Թել Ավիվի սերտ հարաբերությունները՝ որոշ փորձագետներ չեն բացառում, որ իսրայելցի ներդրողները Հյուսիսային Կիպրոս են մուտք գործում ադրբեջանական ներդրումների անվան տակ։ Թերևս դրանով կարող է բացատրվել իսրայելական առերևույթ հանդուրժողականությունը ՀԿԹՀ-ի հետ Բաքվի սերտ հարաբերությունների հանդեպ։

Փոխարենը՝ Թուրքիայի կողմից հնչում են անհանգստություններ ՀԿԹՀ-ում Իսրայելի ներկայության աճի առումով։ Թուրքական կողմը Հյուսիսային Կիպրոսում մի կողմից հանդուրժում է իսրայելական ներկայության աճը, մյուս կողմից՝ անհանգստանում՝ այդպես էլ չձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ։ Հենց այստեղ էլ կարող է թաքնված լինել ադրբեջանական գործոնը, որն այս դեպքում հրեա սեփականատերերին օգնում է շրջանցել թուրքական «հակաիսրայելական պատը»։

Հունաստանի հետ համագործակցությամբ՝ Իսրայելը փորձում է ծրագրել Կիպրոսից թուրքական ռազմական ներկայության դուրսբերման դիպաշարեր՝ Թուրքիային մեղադրելով Հյուսիսային Կիպրոսն ու Սիրիան օկուպացնելու մեջ։ Ադրբեջանն այս խնդրահարույց իրավիճակից դեռևս կարողանում է խուսափել՝ թուրքական կողմին շարունակելով «վաճառել» ՀԿԹՀ-ին աջակցությամբ, իսկ իսրայելական կողմին՝ իրավական առումով ՀԿԹՀ-ի չճանաչմամբ։

Ընդ որում՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Բաքուն Հյուսիսային Կիպրոսի թեման արդիական է պահում նաև ներթուրքական զարգացումներից անմասն չմնալու համար։ Հաշվի առնելով, որ թուրքական բոլոր քաղաքական կազմակերպությունները ՀԿԹՀ-ի հարցում գրեթե միևնույն մոտեցումներն ունեն, իսկ Էրդողանի իշխանությունը Թուրքիայում հավերժ չէ՝ Ի․ Ալիևն այդկերպ ակնկալում է Անկարայի վրա ազդեցություն բանեցնելու գործիքակազմ ունենալ նաև Էրդողանից հետո։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիայի ներկայիս նախագահը դեռ 2005 թվականից էր համոզմունք հայտնում, որ Բաքուն կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։ Արցախի հարցը, սակայն, Բաքվի կողմից հակադարձման խաղաթուղթ է հանդիսացել Անկարայի հետ հարաբերություններում։

Հյուսիսային Կիպրոսի հետ Ադրբեջանի բարձր մակարդակի պաշտոնական շփումները, որոնք 2000-ական թվականների կեսերին որոշակի աշխուժացում էին ապրել, նոր թափ են ստացել 2020 թվականին՝ Արցախյան պատերազմից հետո։ Այս քայլով Բաքուն փորձում է «վարձահատույց լինել» Անկարային՝ Կիպրոսի հարցում աջակցելով թուրքական քաղաքական օրակարգին։

Միաժամանակ՝ ադրբեջանական պաշտոնական և փորձագիտական խոսույթում նկատվում է զգուշավորություն։ Բաքուն մտավախություն ունի, որ Արցախի հարցը Եվրոպական միության և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի համար դեռևս ամբողջությամբ փակված չէ։ Բացի այդ՝ Բաքուն Թուրքիայի առջև շարունակ փորձում է այս մտավախությամբ արդարացնել իր զգուշավոր քայլերը՝ նշելով նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ դեռևս առկա անորոշությունը։

Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի դեմ օգտագործվել որպես անջատողական նախադեպին նպաստող գործողություն և երկակի չափանիշների կիրառում՝ հաշվի առնելով Բաքվի պաշտոնական դիրքորոշումը Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և, ընդհանրապես, պետությունների տարածքային ամբողջականնությունների հարցում։

Թեպետ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի «ամենահավատարիմ» գործընկեր, իրականում գործում է զգուշորեն՝ խուսափելով քայլերից, որոնք կարող են սրել հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Ադրբեջանը հետևողական է նաև Հյուսիսային Կիպրոսի հասարակական և քաղաքական զարգացումներին։ Այս մոտեցմամբ Բաքուն փորձում է ցանկացած հնարավոր անախորժ իրավիճակում Թուրքիայի կենտրոնական իշխանությունների հետ ունենալ քաղաքական «բազմակի խաղի» հնարավորություն՝ տարբեր ուժային բևեռների հետ համագործակցելով և առաջ մղելով սեփական շահերը։

Բաքուն շարունակում է իր բազմակի խաղը խաղալ՝ սեփական օգուտները կորզելով թե՛ Թուրքիա-ՀԿԹՀ գործակցությունից, թե՛ Հունաստան-Իսրայել-Կիպրոս առանցքից և թե՛ Թուրքիա-Իսրայել հակասություններից։ Իսկ մինչ Հյուսիսային Կիպրոսի բնակիչները շարունակում են շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին, ակնկալելով առավել նշանակալի քայլեր հետագա գործընթացներում, էրդողանը վկայակոչում է Ալիևի խոստումները՝ Արցախի հարցում ցուցաբերած իր աջակցությունը մատնանշելով։

Ըստ այդմ՝ հաշվի առնելով վերոնշյալը՝ ադրբեջանական կողմը չի շտապելու պաշտոնապես և դե յուրե ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը՝ հանուն «եղբայրական» Թուրքիայի և ՀԿԹՀ-ի։ Բաքուն նախորդ 20 տարիների օրինակով կշարունակի մոլորեցնել այս հարցի շահառուներին՝ կորզելով հնարավոր բոլոր օգուտները, ի ցույց դնելով ադրբեջանական կեղծավորությունն ու «երախտամոռությունն» իրեն Արցախի գրավման հարցում աջակցած Թուրքիային։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031