Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՀԿ-ը «Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» հանցակազմի մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ

Հոկտեմբեր 15,2025 16:26

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովը» (Վենետիկի հանձնաժողով) հրապարակել է «հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու» հանցակազմի մասին կարծիք, ի թիվս այլ թերությունների նշելով, որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Այս հանցակազմի հիմքով նախորդ երեք տարիների ընթացքում հետապնդվել են տասնյակ ընդդիմադիր գործիչներ և քաղաքացիներ, որոնցից շատերը պահվել են անազատության մեջ։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն դեռևս 2024թ․ հունվարի 10-ին հրապարակել էին համատեղ զեկույց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի» վերաբերյալ։ Մենք հիմնավորել էինք, որ նշված արարքը որպես հանցանք սահմանելը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և առաջարկել էինք ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացնել այն ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի­ն՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։

Խաղաղ հավաքների ազատության ոլորտում միջազգային չափանիշները ներկայացված է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցում»։ Ըստ ուղեցույցի՝ հավաքներին խրախուսվող մասնակցության գործելաոճը չպետք է ենթարկվի իրավական կարգավորման, եթե նման խրախուսումների տրամադրումը չի հակասում նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համաչափ սահմանափակումներ սահմանող օրենքներին։ Մինչդեռ, 236-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատիժ է նախատեսում ցանկացած նյութական խրախուսման համար և ցանկացած համատեքստում։

Կառավարությունն ու Ազգային ժողովը (ԱԺ) չէին հետևել առաջարկին և օրենքը շարունակել էր կիրառվել։ Այդ ընթացքում արդեն առկա էր առաջին դատապարտված անձը՝ հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը, որի պաշտպանները փորձել էին վիճարկել հոդվածի սահմանադրականությունը, սակայն ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու միջնորդությունները մերժվում էին։ Ա Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին մանրամասները հասանելի են վերը նշված համատեղ զեկույցում։

2024թ․ հունիսի 6-ին հրապարակվել էր ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի զեկույցը, որում անդրադարձ էր կատարվում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասին։ Համազեկուցողները վերահաստատել էին, որ հավաքների մասնակցության խրախուսումը չպետք է քրեականացվի, եթե այն չի վերաբերում նախընտրական քարոզչությանը և դրա համար սահմանված ֆինանսավորման կանոններին և նշել, որ կիսում են Հայաստանի հելսինկյան կոմիտեի և ՔԻՀԿի առաջարկությունը՝ որ կառավարությունը փորձագիտական կարծիք ստանալու համար օրենքը ներկայացնի Վենետիկի հանձնաժողովին։

Այդուհանդերձ, ո՛չ կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը Վենետիկի հանձնաժողովին համապատասխան դիմում չէին ներկայացրել։ Փոխարենը ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն էին դիմել ՍԴ՝ 236-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու հարցով։

2024թ․ հոկտեմբերի 11-ին ՍԴ-ն, ընդդիմադիր պատգամավորների դիմումը ընդունելուց հետո, կասեցրել էր վարույթը և խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալու նպատակով դիմել Վենետիկի հանձնաժողովին։ ՍԴ-ն հանձնաժողովին էր ուղղել հետևյալ հարցը՝ «արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահունչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին»:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ներկայացվեց 2025թ․ հոկտեմբերի 13-ին։ Մանրամասն անդրադառնալով հավաքներին մասնակցելու խրախուսումներին՝ հանձնաժողովը կատարել է մի շարք կարևոր դիտարկումներ, ներառյալ՝ որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

«ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (2) կետի 2-րդ մասի դեպքում «նյութապես շահագրգռել» եզրույթը բավարար ճշգրտությամբ ձևակերպված չէ, որպեսզի նրանք, ում վրա այն կարող է ազդել, հասկանան իրենց իրավունքներն ու պարտականությունները և այդպիսով համապատասխանաբար կարգավորեն իրենց վարքագիծը: Իրավական դրույթը պետք է լինի հստակ և միանշանակ, որպեսզի կանխվի կամայական կիրառման ռիսկը: Այս երկիմաստ եզրույթի օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ խաղաղ հավաքների կազմակերպման հետ կապված գործողությունները, ինչպիսիք են տրանսպորտը և կազմակերպչական ծախսերը, սխալմամբ դասակարգվեն որպես քրեական հանցագործություններ, այդպիսով խախտելով հավաքների ազատության իրավունքը: Հետևաբար, նման գործողությունները պետք է բացառվեն 236-րդ հոդվածի գործողության շրջանակից

Բացի իրավական որոշակիության սկզբունքի հարցից, Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է նաև հավաքներին «վճարովի մասնակցությանը»՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների և միավորումների ազատությունը) համատեքստում․

««Վճարովի մասնակցության» 11-րդ հոդվածով պաշտպանված լինելու եզրակացությունից, Հանձնաժողովի կարծիքով, բխում է, որ նյութական խթաններ տրամադրող կազմակերպիչների գործունեությանը պետք չէ խոչընդոտել, իսկ քրեականացումը հստակորեն այդ նպատակն է հետապնդում, առնվազն քանի դեռ այդ խթաններն ուղղակիորեն կապված են մասնակցությունը հնարավոր կամ հեշտ դարձնելու հետ։ Հետևաբար, 236-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է հստակորեն բացառի նման նյութական խթանների արգելքը։»

«Մարդու իրավունքների պաշտպանությունը օբյեկտիվ է. այն վերաբերում է հավաքի գործողությանը՝ անկախ այդ հավաքին մասնակցելու դրդող սուբյեկտիվ պատճառներից: Հավաքների ազատության իրականացման սպառնալիք կլիներ, եթե իշխանությունները կարողանային որոշել, թե որ հավաքների մասնակիցներն են արժանի պաշտպանության՝ հիմնվելով նրանց մտադրության վրա։»

Հանձնաժողովը նշել է նաև, որ «լոգիստիկ աջակցությունը, ինչպիսիք են ցուցարարների տեղափոխումը, սննդի կամ կացարանի ապահովումը, կամ հիմնական բանախոսների ծախսերի փոխհատուցումը, խաղաղ հավաք կազմակերպելու ստանդարտ մասն են կազմում»: Նման գործողությունները քրեականացնելը, առավել ևս՝ լայն և անորոշ օրենքենով, վտանգում են խաղաղ հավաքների ազատության իրավունքը։

Մինչ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելով ՍԴ-ն կկայացնի որոշում, հարկ է հիշել, որ 236-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման պատճառով քրեական հետապնդման են ենթարկվել տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ և քաղաքացիներ։

Ըստ ՔԻՀԿ հավաքած նախնական տվյալների՝ այս մեղադրանքի պատճառով ազատությունից զրկված են եղել հետևյալ անձինք․

  • Ավետիք Չալաբյան, 3․5 ամիս կալանք,
  • Գառնիկ Մանուկյան, 3 ամիս կալանք,
  • Նարեկ Թևոսյան, 1 ամիս կալանք, 2 ամիս տնային կալանք,
  • Վահե Դանիելյան, 4 ամիս կալանք, 1 ամիս տնային կալանք,
  • Գերասիմ Վարդանյան, 4 ամիս կալանք, 1 ամիս տնային կալանք,

Բացի վերը նշվածներից, 236-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հետապնդվել են բազմաթիվ այլ քաղաքացիներ, ներառյալ՝

  • 2024թ․ «Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան պայքար») շարժման աջակիցներից առնվազն 17 հոգի, որոնցից առնվազն երկուսը կալանավորվել են, մեկը ենթարկվել է տնային կալանքի։
  • 2025թ․ գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներից հինգ հոգի, որոնցից երկուսը կալանավորվել են։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց արձագանքելն ու կանխելը, ինչպես նաև քաղաքական իրավունքների պաշտպանությունը:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031