Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարող մի մարդ հայոց եկեղեցու հետեւորդ լինել, քրիստոնյա կոչվել ու անընդհատ ատելություն սերմանել, մարդկանց թշնամացնել. Արման Թաթոյան

Հոկտեմբեր 15,2025 17:27

-Սամվել Կարապետյանն իրականում ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ պատանդ է ուղղակի, որովհետեւ ակնհայտ է՝ նրան ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել նրան իր գործունեությունից: Սա, կարծում եմ, վաղուց ծրագրված քայլ էր, ուղղորդված քաղաքական հստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով, եւ ազատությունից զրկելը ամբողջությամբ տեղավորվում է դրա մեջ,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ: Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցել է մոտ 7000 մարդ։

-Այստեղ իրավաբանություն չկա, այստեղ պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված: Ակնհայտ է՝ խոսքը քաղաքական հետապնդման մասին է, ինչ հոդված էլ ուզում է դրվի, քաղաքական հրահանգն է հիմքում: Ես դա կապում եմ Սամվել Կարապետյանի գործունեության հետ, եկեղեցուն պաշտպանելու նրա գործունեության հետ, եւ ես նրա արարքում, քրեական հետապնդման մասնագետ լինելով, քրեական հետապնդման որեւէ նշույլ չեմ տեսնում,-հավելեց Թաթոյանը։

Անդրադառնալով այսօր 8 հոգեւորականների ձերբակալություններին՝ պարոն Թաթոյանը նկատեց. «Ակնհայտ է՝ շարունակվող հետապնդումները քաղաքական սցենարի մի արարն են, որ այսօր նախաձեռնվել է քահանաների ձերբակալմամբ: Վարչապետի կարգավիճակն ունեցող Փաշինյանը միաժամանակ իր վրա է վերցրել դատարանի, դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակցի լիազորությունները եւ հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով։ Եկեղեցու նկատմամբ նրա գործունեությունն այլեւս քրիստոնեության պաշտպանության հարց է: Ինքն անընդհատ իրեն դիրքավորում է որպես հայոց եկեղեցու հետեւորդ: Չի կարող մի մարդ հայոց եկեղեցու հետեւորդ լինել, քրիստոնյա կոչվել ու անընդհատ ատելություն սերմանել, մարդկանց թշնամացնել»:

Արման Թաթոյանը նաեւ ընդգծեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ նմանատիպ գործողությունները մեկից մեկ համընկնում են ադրբեջանական իշխանությունների եւ հոգեւոր առաջնորդների կողմից հնչող հայտարարություններին: Թաթոյանը նկատեց, որ 8 հոգեւորականների այսօր տեղի ունեցած ձերբակալություններից մի քանի օր առաջ էր միջազգային հանրության առջեւ Ադրբեջանի հոգեւոր հայրը բողոքում, թե իբր Հայ Առաքելական եկեղեցին պատերազմի քարոզիչ է, ռեւանշիստ է և այլն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031