Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել։ Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ Մկրտիչ սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։
«Այս երկու մեղադրանքներն էլ մեր գնահատմամբ շինծուն են, եւ բնականաբար սա հակաեկեղեցական շարժման շրջանակներում է ընթանում»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ սրբազանին տանելու են կալանավորման եւ ամենայն հավանականությամբ փորձելու են անել այն, ինչ արել են մյուս սրբազանների նկատմամբ։
«Սրբազանը պատրաստ է, որ իր նկատմամբ հալածանքներ լինելու են։ Ինքն ասաց՝ ես պատրաստ եմ, ես սպասում էի, իր համար նորություն չէր»,- հավելեց Զոհրաբյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա պայմանավորվա՞ծ է նրանով, որ Մկրտիչ սրբազանը ազգակցական կապ ունի Կաթողիկոսի հետ, Արա Զոհրաբյանը պատասխանեց․ «Մենք գիտենք, որ Միքայել սրբազանն էլ ազգակցական կապ չունի Վեհափառ հայրապետի հետ։ Բայց յուրաքանչյուր հոգեւորական Վեհափառի զավակն է, հետեւաբար, բոլորի դեպքում էլ կապ ունի, սա հարված է եկեղեցուն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ