«Խնդրում եմ, 2021-ի սխալներից դասեր քաղենք։ Ինձ մոտ չպիտի լինի «դեժավյու», իրենց մոտ չպիտի լինի «ժամեվյու»։ 3-4 տարի առաջ եղել է համանման իրավիճակ․ ինձ համար «դեժավյու» է, որովհետեւ լսել եմ գնահատականներ, որոնք իրականությունն այս պահի դրությամբ ոչ համահունչ են, իրենց համար «ժամեվյու» է․ այսինքն, այնպես են խոսում, կարծես նույն բանը չորս տարի առաջ չէին ասում։ Բոլորիս զգոնության կոչ եմ անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով առաջիկա ընտրություններին եւ այդ համատեքստում քաղաքական հնարավոր զարգացումներին վերաբերվող Aravot.am-ի հարցին։
Նա հավելեց՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած գործընթացն ընթացքի մեջ է եւ խնդրեց բոլորին՝ ովքեր կարող են դրան օգտակար լինել՝ օգտակար լինեն․ «Ոչ թե ասեն՝ դե ստորագրությունը դրել ենք, տվել ենք: Չզարմանան այն փաստի վրա, որ իրենց ստորագրություններից հետո անցել է տասն օր եւ նոր ստորագրություններ չկան։ Մենք էլ կհիշեցնենք, որ ձեր ստորագրությունները ստանալու համար չորս ամիս պահանջվեց»։
Առհասարակ, ընդդիմության մեջ «փոխադարձ մուննաթների դիսկուրսը» Արմեն Աշոտյանի գնահատմամբ, սխալ է, «եթե այն չի հետապնդում նախընտրական տրամադրություններ»․ «Եթե գնում են ընտրությունների եւ որոշել են քաղաքական մրցակցությունը տանել այդպիսի դաշտ, ընդդիմության համար դա լավ չի վերջանալու։ Նիկոլ Փաշինյանին սոլոյով ոչ ոք չկարողացավ հաղթել, 2021-ն է դա ապացուցել, դուետով, ինչպես նախագահ Քոչարյանն է կարծում, հաղթել չի ստացվելու։ Կարելի է հաղթել Նիկոլին տրիոյով, կվարտետով, քվինտետով եւ այլն, բայց ակնհայտ է, որ չի կարելի խոսել քաղաքական դաշտի համախմբվածության մասին եւ սերմանել պառակտում։ Չի կարելի պառակտել ընդդիմադիր դաշտն ավելի, քան արդեն պառակտված է՝ նախեւառաջ խաղացողների քաղաքական ամբիցիաների պատճառով»։
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանն ուրախ է, որ երկրորդ նախագահը ընդունում է քաղաքական դաշտում նաեւ այլ ուժի լիդերությունը։ Ավելին, կարծում է, որ ժամանակն է՝ «Հայաստան» դաշինքը «իր դեղին շապիկը» լվանա ու «Մեր ձեւով» շարժմանը փոխանցի։ Արմեն Աշոտյանի գնահատմամբ շարժման երիտասարդ անդամների մոտ մեկնարկը «լավ է ստացվում»։
Aravot.am-ի հստակեցնող հարցին՝ չեք բացառում, որ երկրորդ նախագահին հրամցվել են սոցիոլգիական հարցումներ, որոնք միգուցե բավականին խեղաթյուրված իրականություն են ներկայացնում քաղաքական ուժերի եւ անհատների վարկանիշի առումով, ՀՀԿ-ում նեղսրտած չեն «Հայաստան» դաշինքի եւ «Մեր ձեւով» շարժման բարձր վարկանիշից, ինչի մասին բավական թափանցիկ հայտարարություն էր արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը, քաղաքական դաշտի որոշ խաղացողներ, այդ թվում նաեւ երկրորդ նախագահի շրջապատից անհատներ, առաջիկա քաղաքական գործընթացներում հատուկ նվազեցնում կամ անտեսում են ՀՀԿ-ի դերը եւ ընդդիմադիր քաղաքական դաշտի որոշ ուժեր կամ անհատներ պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների, այո, բացառապես խորհրդարանում սեփական ներկայությունն ապահովելու եւ ընդդիմություն «աշխատելու» համար, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Ես բավականին գեղեցիկ ձեւակերպումներով բաներ ասեցի, մի ստիպեք ինձ պարզունակեցնել ասածներս եւ բերել ինտրիգային դաշտ»։
Ամեն դեպքում, Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն շահագրգիռ է իշխանափոխության հարցում, ոչ պակաս, եթե ոչ ավել, քան շատ այլ քաղաքական դերակատարներ եւ դրա վառ ապացույցն այն է, որ իրենք չեն խոսում 2026-ի ընտրությունների մասին եւ չեն պատրաստվում դրանց, իրենց ջանքերը կենտրոնացրել են Նիկոլ Փաշինյանին հենց հիմա իշխանությունից հեռացնելու վրա․ «Դրա հնարավորությունները ավելի մեծ են, քան մեր հասարակության մեջ ցավոք տարածված համակարգչային խաղերում կամ «Toto»-ներում շահելու հնարավորությունները»։
Եթե ընտրություններին նախապատրաստվելը արտախորհրդարանական ուժերի համար Արմեն Աշոտյանը նորմալ է համարում, ապա խորհրդարանական քաղաքական ուժերի համար առաջնահերթը, իր գնահատմամբ պետք է լինին իշխանությանը հեռացնելու համար առկա լծակների կիրառումը։ Տվյալ դեպքում, անվստահություն հայտնելու գործընթացի համար ջանքերի ներդրումը, ոչ թե միայն ստորագրությունների տրամադրումը։
Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ական կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկը տալու համար պակասող անհրաժեշտ ստորագրությունները ներգրավվելուն ուղղված աշխատանքների մասին Արմեն Աշոտյանը մանրամասներ չի ասում՝ չվնասելու համար այն անձանց, ում հետ բանակցում են։
Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ