Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելել է Ծաղկունքի նախակրթարան

Հոկտեմբեր 15,2025 18:55

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան:

Բելգիայի թագուհին և ԿԳՄՍ նախարարի տեղակալը զրուցել են նախակրթարանի սաների և մանկավարժների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: Ծաղկունքի նախակրթարանն ունի 13 սան: Այն հիմնովին վերանորոգված է, հագեցած խաղահրապարակներով, նոր գույքով ու դիդակտիկ պարագաներով:

Ծաղկունքում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը հիմնվել է 2022 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում:

Բելգիայի թագուհին հետաքրքրվել է երեխաների՝ վաղ տարիքից կրթական համակարգում ընդգրկվածության ցուցանիշով՝ ընդգծելով, որ այն համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ այս առումով ցուցանիշները բարելավվել են՝ շնորհիվ ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ծրագրի: Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ընթացիկ տարվա ավարտին նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածության  ցուցանիշը կկազմի 85 տոկոս:

Անդրադարձ է եղել նաև համընդհանուր ներառական միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների առկայության, ինչպես նաև մանկավարժների վերապատրաստման ծրագրերին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է՝ տարեցտարի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկվում նախադպրոցական կրթության համակարգում: Նա նաև տեղեկացրել է՝ վերակառուցվող և նորակառույց բոլոր հաստատություններում ներառական միջավայրի ապահովումը պարտադիր պահանջ է:

Արաքսիա Սվաջյանը նաև ներկայացրել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի հունվարից ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների, ինչպես նաև նախակրթարանների երեխաները պետական բյուջեի միջոցների հաշվին տաք սնունդ են ստանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը՝ գիտելիք ստանալով  ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031