Հայաստանի պատմության թանգարանում անցկացվել է «Հնագիտական տուրիզմը Հայաստանի զարգացման համար. Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործակցությունը Դվինում և Արուճում» թեմայով աշխատաժողովը։ Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ծրագրի համակարգողներ և մասնագետներ հայկական և իտալական կողմերից:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանդիպումը հատկապես հնագիտական ժառանգության ուսումնասիրության և առկա խնդիրների մասին խոսելու հնարավորության տեսանկյունից։
«Այս ծրագրի իրականացումն առաջին հերթին Հայաստան-Իտալիա բարեկամական հարաբերությունների և խորացող համագործակցության մասին է: Համատեղ աշխատանքի ավարտին կունենանք Գառնիի վերականգնված խճանկարները, ինչպես նաև շոշափելի արդյունքներ Դվինում և Արուճում: Սա նաև մասնագիտական կարողությունների զարգացման կարևոր ծրագիր է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի և Իտալիայի մասնագետները փոխադարձ գործակցության միջոցով նպաստում են ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը և զարգացմանը»,- ասել է նախարարը։
Կարդացեք նաև
Նա նաև ընդգծել է՝ մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված այս ծրագրի իրականացումը մեծապես նպաստելու է նաև շրջակա համայնքների զարգացմանը՝ փոխելով հանրային վարքականոնը՝ մշակութային ժառանգությունը դիտարկելով համայնքի զարգացման ուղիղ հնարավորություն։
Մշակույթի միջոցով համայնքային կյանքի զարգացման համատեքստում Ժաննա Անդրեասյանը հիշատակել է նաև Արուճում կազմակերպվող Հոգևոր երաժշտության փառատոնի մասին՝ աշխատաժողովի մասնակիցներին հրավիրելով բացահայտելու պատմական հուշարձանը՝ բարձրորակ երաժշտության ունկնդրմամբ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը և ծրագրում ընդգրկված գործընկեր կառույցներին՝ մաղթելով հաջող ընթացք:
Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ևս ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ հայ և իտալացի ժողովուրդները կապված են հազարամյա ժառանգությամբ, և հնագիտությունն էլ խորհրդանշում է անցյալի հիշողությունների վերագտման միջոցով ապագային ավելի պայծառ նայելու հանգամանքը: Նա ընդգծել է՝ ծրագրում ընդգրկված հայկական մշակութային ժառանգությունը համաշխարհային նշանակություն ունի, և այն պետք է խնամել:
Աշխատաժողովը հիմնական օրակարգը նվիրված է Գառնիին, որտեղ Opificio delle Pietre Dure (OPD)-ն և UniFi-ն իրականացնում են խճանկարների պահպանության և վերականգնման աշխատանքների երրորդ փուլը: Նախատեսված աշխատանքները՝ խճանկարի կառուցվածքային վերլուծությունը, շերտագրական հետազոտությունները, շաղախի ընտրովի հեռացումը և մաքրման գործողությունները կնպաստեն խճանկարի երկարաժամկետ պահպանությանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև Դվինում և Արուճում արձանագրված առաջընթացը՝ արտացոլելով հայ-իտալական գործընկերության լայն շրջանակը՝ ժառանգության պահպանումը կապելով գյուղական զարգացման և մշակութային տուրիզմի հետ։
Նշենք, որ ծրագիրը համակարգվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ և ARCHEtourDEV նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Իտալիայի համագործակցության զարգացման գործակալության (AICS) և իրականացվում է Ֆլորենցիայի համալսարանի (UniFi) կողմից:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ