«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի հոգեւոր առաջնորդի, մեկ տասնյակից ավելի քահանաների, ավելի վաղ՝ երկու սրբազանների, ինչպես նաեւ բարերար Սամվել Կարապետյանի ու մյուս քաղբանտարկյալների կալանքին՝ ասաց. «Այս ամենն իրարից առանձնացնելը սխալ է: Սրանք Նիկոլ Փաշինյանի հաստատած այլանդակ ավտորիտար ռեժիմին բնորոշ գործողություններ են: Բոլոր փաստերը ի մի բերելով, բոլոր այլանդակությունները իրար կողքի դնելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանի անկախ պատմության ընթացքում որեւէ իշխանություն նման այլանդակ ավտորիտար ռեժիմ չի հաստատել, ինչքան հաստատել է Նիկոլ Փաշինյանը, որեւէ իշխանություն իրավապահ համակարգին չի օգտագործել այնքան կամայական ու քաղաքական նպատակներով, ինչքան օգտագործում է Նիկոլ Փաշինյանը:
Ես ուզում եմ ընդհանուր գնահատական տալ ընդհանուր ռեժիմին, ինչ հաստատվել է Հայաստանում: Եվ խոսել այն մասին, թե ովքեր են հովանավորում այդ ռեժիմի գործողությունները եւ ոչ միայն հովանավորում են, այլեւ ողջունում են:
Գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու խնդիրներ ունի: Առաջիկայում նաեւ ընտրություններ են: Այս պարագայում նա լավ հասկանում է, որ այն, ինչ արել է ինքը Արցախի հետ կապված, Հայաստանի շահերի հետ կապված, դրանց համար քաղաքական պատասխան տալու ժամանակը անպայման գալու է: Եվ ինքն ամեն ինչ անում է իշխանության մնալու համար: Իր իշխանությունը նաեւ ձեռնտու է Թուրքիային, Ադրբեջանին եւ Թուրքիային ու Ադրբեջանին դաշնակից, կարեւոր երկիր համարող արեւմտյան երկրներին:
Հետեւաբար, այդ նույն արեւմտյան երկրները, որոնք ժամանակին իրենց ճղում էին Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների հետ կապված, ասենք՝ ոստիկանը մի փոքր կոպիտ հրեր, դա դարձնում էին բանաձեւի թեմա, հայտարարություններ էին լինում, դեսպաններն էին խոսում, բայց այդ մարդիկ հիմա լռում են, երբ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ շինծու գործով ձերբակալում է բարձրաստիճան հոգեւորականների, ձերբակալում է Սամվել Կարապետյանին, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը խուլիգանության հոդվածներով ձերբակալում էր մարդկանց, ովքեր ուղղակի խոսք էին ասել, ձերբակալում էր քաղաքական գործիչների ու կրկին լռում են:
Կարդացեք նաև
Այդ երկրները կազմակերպությունները, արեւմտյան այն երկրները, որոնք գովաբանում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանում իբր ստեղծված մարդու իրավունքների համակարգի, ժողովրդավարական արժեքների համար եւ կենացներ են ասում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, այդ երկրներն ու դեսպանատները ուղղակի պատասխանատվություն են կրում Հայաստանում տեղի ունեցող այլանդակությունների, բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների եւ մարդու իրավունքների ոտնահարման համար»,- ասաց Դերենիկ Մալխասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ