Մարկ Գրիգորյան 2 հասցեում գտնվող Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան նոր շունչ է ստացել աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած օպերային դիվա Հասմիկ Պապյանի՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո:
Հերթական, բայց ոչ սովորական նախագիծը ամերիկացի դրամատուրգ Թերենս Մըքնելիի 1995-ին գրած «Վարպետության դաս» պիեսի մոտիվներով Մարիա Կալլասի վարպետության դասն էր:
Մարիա Կալլասին մարմնավորել է Հասմիկ Պապյանը. մի աշխարհաhռչակ դիվա ներկայացնում է մեկ այլ աշխարհահռչակ դիվայի ապրումները, հույզերը, հիշողությունները եւ անձնական դրաման: Շքեղ երգչուհի Հասմիկ Պապյանը առաջին անգամ հանդես էր գալիս որպես դրամատիկ դերասանուհի: Նա այս առիթով հարցազրույցների ժամանակ ասել է, որ որպես դերասանուհի կարիերան շարունակելու հավակնություններ չունի:
Կարդացեք նաև
Նա այս պիեսի բեմադրությունը ժամանակին տեսել էր ավստրիական Volkstheater -ում եւ որոշել հայկական տարբերակը իրականացնել Մարիա Կալլասի հարյուրամյակի առիթով, ինչը թարգմանական խնդիրների պատճառով կյանքի կոչվեց մի փոքր ուշացումով: Ներկայացման մեջ քմահաճ, երբեմն անտանելի քմահաճ Կալլասը վարպետության դաս է անցկացնում երիտասարդների հետ ու միաժամանակ հիշում է իր ելույթները Լա Սկալայում, իր ամուսնուն, որին այդպես էլ չկարողացավ սիրել, իր սիրեցյալ հույն միլիարդատեր եւ նավային մագնատ Արիստոտել Օնասիսին, որն այդպես էլ չամուսնացավ իր «տձեւ դեղձանիկի» հետ: «Վարպետության դաս» ներկայացումը նաեւ յուրահատուկ դաս էր այն մասին, թե ինչ սխալներ չպետք է թույլ տան երիտասարդ երգիչ-երգչուհիները:
Հասմիկ Պապյանը, որին բեմում միշտ տեսել ենք երգելիս, այս ներկայացման մեջ ավելի շատ խոսում է, բայց բնավ չի փորձում նմանակել Կալլասին, որովհետեւ ինչպես Կալլասը, այնպես էլ ինքն ունի ուրույն դիմագիծ՝ իբրեւ երգչուհի եւ անհատականություն:
Հոտնկայս ծափահարությունների արժանացած այս ներկայացման ռեժիսորը Գառնիկ Սեյրանյանն է, ներկայացման մեջ ներգրաված են կոնսերվատորիայի մագիստրատուրայի շնորհաշատ ուսանողները, նկարիչը՝ Աշոտ Համբարձումյանն է, իսկ անիմացիան ստեղծել են «Իրական դպրոցի» սաները:
Մետրոպոլիտեն օպերայի, Քարնեգի Հոլի, Միլանի Լա Սկալայիի, Փարիզի Բաստիլ օպերայի, Մադրիդի թագավորական թատրոնի, Լոնդոնի Վիգմոր Հոլի, Վիեննայի, Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի, Բեռլինի օպերաների եւ այլ հեղինակավոր սրահների բեմերը զարդարած Հասմիկ Պապյանին լսելը վայելք է, նույնքան արժեքավոր ու կարեւոր է նրա խոսքը՝ որպես հայ մարդ, քաղաքացի ու հայրենատեր անձնավորություն: Հիրավի, հպարտանալու առիթ է նման հայրենակից ունենալը եւ նրա ներկայությունը վայելելը՝ իբրեւ արվեստի վառ ներկայացուցիչ ու բացառիկ մարդ,որը երբեք չի լռել հայրենիքի համար բախտորոշ պահերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ