– Սամվել Կարապետյանը գեթ մեկ վայրկյան չպետք է լիներ ձերբակալված: Հույս ունենք, որ դատավորը իր վճռի մեջ կլինի օրենքի սահմաններում, ոչ թե անօրինական միջնորդություններով,- այսօր ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով այսօր 8 հոգեւորականների ձերբակալություններին՝ պարոն Ալեքսանյանը շարունակեց. «Հերթական անգամ հարձակում է Հայ Առաքելական եկեղեցու վրա: Երկրի վարչապետի աթոռը գրոհած, պահած մարդը ի՞նչ է անում: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել: Եթե մեր սրբազան հայրերը կալանավորված են ու որեւէ մեկը կարող է մտածել, որ սա քաղաքականության մեջ խառնվելու պատճառով է, բա սա ինչի՞ պատճառով է:
Ո՞ւր ենք գնում այսպես, ինչո՞ւ ենք լռում: Բարեփոխումներն այսպես չեն անում, ուղղակի խայտառակություն է: Ո՞ւր ենք գնում, գնում ենք թուրքացմա՞ն, եկեղեցի՞ն են ուզում փակել, ի՞նչ են ուզում այս մարդիկ անել: Ժողովուրդ ջան, մեր միակ փրկությունը Սամվել Կարապետյանի ազատումն է, մեր մեջքին կանգնելը, որ այս խայտառակությունից դուրս գանք ուղղակի»:
Կարդացեք նաև
Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի՝ դատարանի բակում էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին:
Նա, սակայն, չցանկացավ ոչինչ ասել:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ:
Ի դեպ, այսօր «Մեր ձեւով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը դատարանի բակում հայտարարեց, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։ 30-ին տեղի կունենա շարժման հանրահավաքը:
Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցել է մոտ 7000 մարդ։
Հավաքը եղել է ինքնաբուխ, առանց կազմակերպված հանրահավաքի կամ ցույցի բնույթի։ Մինչ հավաքը, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականները վարչական ռեսուրս էին կիրառել` սպառնալով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ չմասնակցել աշխատանքային օրվա ավարտից հետո սկսվող խաղաղ հավաքին։
Այսօր դատարանի բակում ի պաշտպանություն Կարապետյանի ելույթներ ունեցան նաեւ նրա աջակիցները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ