ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ամփոփած տեղեկությունների համաձայն` 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 15 զինծառայողի մահացության դեպք հետևյալ պատճառներով՝
ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 3 դեպք,
առողջական խնդիրներ՝ 3 դեպք,
դժբախտ պատահար՝ 2 դեպք,
Կարդացեք նաև
սպանություն՝ 2 դեպք,
ավտովթար՝ 1 դեպք,
4 զինծառայողի մահացության դեպքի պատճառը հայտնի չէ։
Համեմատության համար նշենք, որ 2024 թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում գրանցվել է 27 զինծառայողի մահվան դեպք հետևյալ պատճառներով՝
ավտովթար՝ 9 դեպք,
հրադադարի ռեժիմի խախտում՝ 4 դեպք,
առողջական խնդիրներ ՝4 դեպք,
ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 4 դեպք,
սպանություն՝ 3 դեպք,
դժբախտ պատահար՝ 2 դեպք,
հրդեհ՝ 1 դեպք։
Այսպիսով, 2025 թվականի առաջին կիսամյակում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 44 տոկոսով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ի տարբերություն 2024 թվականի առաջին կիսամյակի, երբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել է 1 զինծառայող, 2025 թ. մարտական պայմաններում զինծառայողների մահացությունների դեպքեր չեն գրանցվել։
Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մարտական կորուստներ չեն գրանցվել, այնուամենայնիվ մտահոգիչ է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի փաստը, որոնց մեկ երրորդը՝ սպանության կամ ինքնասպանության հետևանքով է։
Սա վկայում է, որ զինծառայողների շրջանում մահացության հիմնական ռիսկերը շարունակում են պայմանավորված մնալ ներքին և սոցիալ-հոգեբանական գործոններով։ Այս միտումը ընդգծում է զինծառայողների հոգեբանական աջակցության համակարգի կատարելագործման, հակասոցիալական վարքագծի վաղ հայտնաբերման և զինված ուժերում միջանձնային հարաբերությունների կարգավորման ու կանխարգելման միջոցառումների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։
2025 թվականին ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերը (5 դեպք) կազմել են մահացության ընդհանուր թվի 33 տոկոսը, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 26 տոկոս (7 դեպք)։
Միևնույն ժամանակ, առողջական խնդիրների հետևանքով զինծառայողների մահվան դեպքերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Եթե 2024 թվականին այդ դեպքերը կազմել էին մահացության ընդհանուր թվի 15 տոկոսը, ապա 2025 թվականին՝ արդեն 20 տոկոս։
Բացի այդ, 2025 թվականի առաջին կիսամյակում արձանագրված 15 մահվան դեպքերից պաշտոնական հաղորդագրություն հրապարակվել է միայն 5-ի վերաբերյալ, ևս մեկ դեպքի մասին տեղեկությունը տարածվել է միայն ԶԼՄ-ներով, իսկ մնացած 9 դեպքերի մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։
Նկատելի է, որ անգամ այն դեպքերում, երբ զինծառայողի մահվան փաստը պաշտոնապես դասակարգվել է՝ «զինվորական ծառայության հետ կապված», դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։ Նախորդ տարիներին նման դեպքերը հիմնականում վերաբերել են առողջական խնդիրների կամ ավտովթարի հետևանքով մահերին, մինչդեռ 2025 թվականին պաշտոնական հաղորդագրություն չի տրվել նույնիսկ զինվորական ծառայության հետ կապված դասակարգված սպանության դեպքի վերաբերյալ, ինչը մտահոգիչ է թափանցիկության և հանրային իրազեկման տեսանկյունից։
Հաշվի առնելով զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան, այդ թվում՝ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ոչ կանոնադրային հարաբերությունների, ինքնասպանությունների և սպանությունների շարունակական դեպքերը՝ ՀՔԱՎ-ը ներկայացնում է մի շարք առաջարկություններ՝ նման դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով։
Առաջարկություններ
- Հոգեբանների թվի ավելացում և բոլոր զորամասերի համալրում հոգեբաններով
- Համալրել բոլոր զորամասերը հոգեբաններով՝ յուրաքանչյուր գումարտակում առնվազն մեկ սպա-հոգեբանի առկայությամբ։
- Տրամադրել զինծառայողներին պարբերական անհատական խորհրդատվություններ և իրականացնել խմբային թերապիաներ՝ վստահության և համախմբվածության մթնոլորտ ձևավորելու համար։
- Սահմանել պարտադիր հոգեբանական գնահատում՝ զորակոչից առաջ, ծառայության ընթացքում և զորացրվելուց առաջ՝ բարձր ռիսկային խմբերը ժամանակին հայտնաբերելու նպատակով։
- Երաշխավորել հոգեբանների շարունակական մասնագիտական վերապատրաստում և զինծառայողների տվյալների գաղտնիության պահպանություն՝ վստահության մթնոլորտ ձևավորելու համար։
- Զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ առողջության և կյանքի իրավունքի խախտման կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդում
- Ապահովել զինծառայողների մարդու իրավունքների և արժանապատվության պահպանման ամենօրյա վերահսկողություն։
- Ձևավորել վերադաս հրամանատարների շրջանում «զրո հանդուրժողականություն» սկզբունքը ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ։
- Ներդնել անանուն հաղորդումների մեխանիզմ՝ վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման և պատշաճ արձագանքի ապահովման համար։
- Մշակել բարեվարքության կանոններ՝ կոռուպցիոն և հովանավորչական դրսևորումները բացառելու նպատակով։
- Խրախուսել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը։
- Մարդու իրավունքների, իրավահավասարության, հակախտրականության հիմունքների ուսուցանում զինված ուժերի անձնակազմի (բոլոր կազմերի զինծառայողների) համար
- Զինված ուժերի բոլոր զինծառայողների համար կազմակերպել մարդու իրավունքների, իրավահավասարության և հակախտրականության թեմաներով ուսուցում՝ իրավագիտակցության բարձրացման և իրավունքների պաշտպանության հմտությունների զարգացման նպատակով։
- Զինծառայողների բժշկական վերահսկողության բարելավում
- Ապահովել զինծառայողների պլանային և որակյալ բժշկական զննությունները։
- Կատարել բժշկական անձնակազմի վերապատրաստումներ և սահմանել փոխհատուցման հստակ կարգ՝ առողջական վնասների դեպքում։
- Զորացրվելուց առաջ իրականացնել զինծառայողների առողջական վիճակի ամբողջական հետազոտություն՝ ծառայության ազդեցությունը գնահատելու նպատակով։
- Զինված ուժերում յուրաքանչյուր հանցագործության դեպքի փաստով արդյունավետ և օբյեկտիվ քննության՝ այդ թվում նաև ծառայողական քննության իրականացում
- Ապահովել ոչ մարտական մահվան դեպքերի արդյունավետ, օբյեկտիվ և հրապարակային քննություն՝ անպատժելիության կանխման նպատակով։
- Հրապարակել քննությունների արդյունքներն ու կիրառված պատասխանատվության միջոցները։
- ՊՆ-ի հետ համատեղ վերլուծել համակարգային խնդիրները և մշակել բարեփոխումների առաջարկներ նման դեպքերի կանխարգելման համար։
Սույն տեղեկանքի թողարկումը հնարավոր է դարձել Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) օժանդակության շնորհիվ: Տեղեկանքում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների և դիրքորոշումների հետ: