«Քաջերի յարութիւնն է մահը»:
Գարեգին Նժդեհ
Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում էր ընտանիքով բնակվում Արմեն Արամի Իսախանյանը, ով այս բնակավայրի առաջին բնակիչներից էր ու կարևոր դեր ունեցավ համայնքի կայացման գործում։ Արցախյան առաջին պատերազմի երիտասարդ մասնակիցն անմասն չէր մնում Հայոց սահմանի պաշտպանության գործում նաև հրադադարից հետո, երբ կար անհրաժեշտություն։
Կարդացեք նաև
Այսպես եղավ նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին։
Արմենը ծնվել է 1972թ․ հունիսի 1-ին, ՀՀ Նոր-Հաճն քաղաքում։ 17 տարեկան էր, որ առաջին անգամ զենք վերցրեց ու կամավորական ջոկատի կազմում անցավ Արցախ՝ Բերդաձոր։ Մինչև 1994թ․ գարունը մարտնչեց Արցախի տարբեր վայրերում, մասնակցեց Մարտակերտի, Ֆիզուլիի, Հորադիզի և այլ տարածքների ազատագրական ու պաշտպանական մարտերին։ 1993 թվականին Մատաղիսում որովայնի հատվածում ստացել է բեկորային վիրավորում: Կազդուրվելուց հետո նորից մարտական ընկերների հետ էր, և կերտում էին Արցախի ազատագրումը:
Պատերազմի ավարտից հետո ամուսնացել է և շուտով դարձյալ Արցախում էր՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում՝ արդեն բնակիչ ու շենացնող։ Ազատագրած հայրենիքը պետք է վերահայանար։ 1996 թվականից ճանաչել եմ Արմենին, իր բնակավայրի հոգսերով էր ապրում, աշխատում։ 2020թ․ ամռանը հանդիպեցի Արմենին․ ուղեկցեց իրենց գյուղում կառուցվող նոր բնակելի տների շինհրապարակ։ Ուրախ էր՝ թեկուզ կար համավարակի խնդիրը, բայց գյուղում տուն ու դպրոց էր կառուցվում։
«Հորեղբայրս՝ Արմենը, բնավորությամբ բարի, կատակասեր և շատ հոգատար անհատականություն էր: Նրա համար հայրենիքն սկսում էր իր ընտանիքից: Արմենի նվիրվածությունն իր հարազատներին, ընկերներին և բարեկամներին սահմաններ չէր ճանաչում, բայց միևնույն ժամանակ չէր հանդուրժում սուտն ու անարդարությունը: Նա իր առանձնահատուկ հատկանիշներով մարդկային փոխհարաբերություններում մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Այն մարդկանցից էր, ովքեր պատրաստ էին ամբողջ աշխարհի բեռը տանել իրենց ուսերի վրա», -ասում է եղբոր դուստրը Լենա Իսախանյանը:
2020թ սեպտեմբերյան պատերազմը դարձյալ ոտքի հանեց շատ քաշաթաղցիների՝ պահեստազորայիններ ու կամավորականներ, աշխարհազորայիներ։ Պատերազմի հենց առաջին օրը շատերը վերստին դարձան հայրենիքի պաշտպանության զինվորը, ինչպես՝ 2014-ի օգոստոսին, 2016-ի ապրիլին։ Առաջնագիծ մեկնեց նաև Արմենը՝ հաշվի չառնելով իր առողջական խնդիրները (ձախ երիկամի բացակայության փաստը)։
Մարտադաշտում էին նաև երկու որդիները՝ Միքայելն ու Արմանը, եղբայրն ու եղբորորդիները։ Ջաբրաիլի ու Ֆիզուլիի հատվածներում է մարտնչել: Մարտերի ընթացքում իրենց ջոկատով բազմիցս հայտնվել են հակառակորդի շրջափակման մեջ, սակայն պայքարել են տղերքը՝ մահ կամ ազատություն սկզբունքով:
Արմենը հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին, իսկ 2 օր անց Ֆիզուլիի Ղարղաբազար կոչվող վայրում որովայնի հատվածում ստացել է բեկորային վնասվածք և ընկել է հերոսի մահով հանուն հայրենիքի: Որդիների կողմից 4 ամսից ավել տևած որոնողական աշխատանքներից հետո հերոս Արմենի աճյունը գտնվել և ճանաչվել է 2021 թվականի փետրվարի 24-ին ադրբեջանցիների կողմից տրված 106 մարմինների միջից:
Աստծո կամքով, վերջապես, հողին հանձնվելուց հետո մեր հերոսի հոգին կվերգտնի իր հանգստությունը։ Արմենի հուղարկավորությունը տեղի ունեցավ Տեղ գյուղի հանգստարանում՝ հերոսների շիրիմների մոտ։
Լիբանանի «Արցախ Ֆոնտ» կազմակերպության ներկայացուցիչ Մարալ Մահսէրէճեանը բարեգործական ծրագրերով հաճախ էր այցելում Քաշաթաղ, նաև Աղավնո, նրան իր գործում օգնում էր Արմենը։
Ցավ է հայտնում՝ գրելով՝ «Աստուած հոգիդ լուսաւորէ Արմէն ճան։ Փառք մեր հերոսներուն»։ Պատերազմի օրերին Արմենի ընտանիքը՝ մոր՝ Էմմայի հետ, դուրս էին եկել Աղավնոյից։ Հետո նորից վերադարձան այնտեղ։
Մայրն ասում էր․ «Ամուսնուս ու որդիներիս կառուցած ու որդուս արյան գնով պահած տունը չեմ կարող թողնել թուրքին ու մինչև վերջին շունչը պետք է ապրեմ իմ գյուղում ու իմ տանը»։
Սակայն, մեծ ցավ է․ այսօր ամբողջ Արցախն է հայազուրկ։ Հայազուրկ ու ավերակ է Աղավնոն՝ Արցախի դարպասը, որը դարեր շարունակ Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի հայաշեն բնակավայրերից էր, որն ազատագրվեց 1992-ի մայիսի 18-ին՝ Բերձոր-Լաչինի հետ, և այդ օրվանից էլ Արցախը ցամաքային ճանապարհով՝ «Կյանքի ճանապարհ»-ով, միացավ Մայր Հայրենիքին։
Զոհրաբ Ըռքոյան