ՀՀ օրենսդրությամբ ինչ կարգով է օտարվելու պետության սեփականություն համարվող հատուկ հողերը
ԱՄՆ նախագահ Թրամփը 2025 թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովին հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը եւ Հայաստանի վաrչապետ Ն. Փաշինյանը իր հովանու ներքո վավերացնում են հուշագիր` հռչակագիր, կողմերի միջեւ ավելի քան 34 տարի տեւած ռազմական գործողությունները դադարեցնելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչպես նաեւ «Զանգեզուր միջանցք»-ը բացելու մասին: Լրագրողների հետ զրույցում բացատրեց, որ Զանգեզուրի միջանցքը հատուկ տրանսպորտային գոտի է, որով Ադրբեջանը ազատ մուտքի իրավունք է ձեռք բերում դեպի պետության Էքսկլավ՝ Նախիջեւան` հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը:
Իսկ միջանցքի տարածքը տրամադրվում է ԱՄՆ-ի տիրապետմանը 99 տարի ժամկետով, կոչվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)):
Որտեղ է տեղակայվելու «Թրամփի ուղի» մագիստրալը կամ` «Զանգեզուրի միջանցքը»
Կարդացեք նաև
«Զանգեզուրի միջանցքը» դա տրանսպորտային երթեւեկության նախագիծ է, որով Ադրբեջանի հիմնական տարածքը միացվելու է իր էքսկլավ՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը: Եվ անցնելու է ՀՀ Սյունիքի մարզի Իրանի հետ պետական սահմանային գոտով 42 կմ երկայնքով: Նախատեսված է կառուցել ավտոմոբիլային եւ երկաթուղային մագիստրալ:
Հավելեմ, որ նախատեսված է նաեւ երկընտրանքային մագիստրալ Իրանի տարածքով` Ագբենտ-Կալալեի-Ջուլֆա երթուղով, որի երկարությունը 107 կմ է, եւ կոչվում է «Արազի միջանցք»:
Իսկ շինարարական աշխատանքների 15 տոկոսը կառուցվել է:
Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը 2023 թ. հայտնել է, որ այդ միջանցքը կգործի, եթե Հայաստանը հրաժարվի «Զանգեզուրի միջանցք» տարբերակից:
Սպիտակ տանը ինչու չստորագրվեց խաղաղության պայմանագիրը եւ ընդունվեց հռչակագիր
Այդ հանգամանքը կապված է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի դիրքորոշման հետ: Նա Ն. Փաշինյանից պահանջել է փոխել ՀՀ սահմանադրությունը, պատճառաբանելով, որ նրանում կան դրույթներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը Ադրբեջանը դիտում է տարածքային պահանջ:
Նաեւ պահանջել է դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբի գործունեությունը:
«Թրամփի ուղի» նախագիծը գործարկելու դեպքում ինչ օգուտներ եւ վնասներ են ստանալու տարածաշրջանի կողմերը
ԱՄՆ-ն 99 տարի ժամկետով ստանալու է միջանցքի կամ տարածքի օպերատիվ ղեկավարումը կամ տիրապետման եւ օգտագործման իրավունքը: Ինպես նաեւ ստացված եկամուտների 40 տոկոսը:
Բացի այդ, միջանցքը հսկելու համար ավելի քան 1000 ամերիկյան հատուկ ծառայողներ են տեղակայվելու միջանցքում, ովքեր կրելու են զենք եւ ռազմական տեխնիկա, այսինքն, ԱՄՆ-ն մուտք է գործում Հարավային Կովկաս եւ Մերձավոր Արեւելք, որն ունի ստրատեգիական նշանակություն:
Ադրբեջան– ՀՀ Սյունիքի մարզի Իրանի հետ սահմանային գոտում ստանում է ամեն տեսակի բեռ, անխոչընդոտ եւ անընդմեջ տեղափոխման իրավունք: Ընդ որում՝ ՀՀ-ն իրավասու չէ կամ չի կարող հսկել այդ բեռնափոխադրումները եւ տեղեկություններ ստանալ բեռի բնույթի մասին: Այսինքն, ՀՀ մաքսային սահմանային, եւ հարկային ծառայությունները խաղից դուրս են մնում, կամ Ալիեւի ասած` ադրբեջանցիները հայի երես չեն տեսնելու: Բացի այդ, հռչակագրի վավերացումից հետո, ԱՄՆ-ն հանեց իրեն կողմից ընդունված Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության սահմանափակումները, եւ այժմ, Ադրբեջանը կարող է անարգել ձեռք բերել ԱՄՆ-ի զինտեխնիկա: Իսկ Ն. Փաշինյանը անհապաղ կատարեց Ալիեւի պահանջը կամ հանձնարարությունր` ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ա. Միրզոյանը եւ Բայրամովը համատեղ հայտարարեցին Մինսկի հանձնախումբը լուծարելու անհրաժեշտության վերաբերյալ: Այսինքն, Լեռային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորող միակ միջազգային կառույցը վերացավ եւ խնդիրը հանվեց միջազգային օրակարգից եւ այժմ, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, դա ադրբեջանցիների ներքին գործն է (տեղի ունեցածը լուրջ հանցագործություն է):
Թուրքիա– Ով Ադրբեջանը համարում է մեկ ազգ երկու պետություն, ի շնորհիվ Թրամփի երթուղու, ելք է ստանում Կասպից ծով: Ինչպես նաեւ «թուրքական պետությունների կազմակերպություն»`Թուրքմենիա, Ղազախստան, Կենտրոնական Ասիա:
Բացի այդ, հնարավորություն է ունենում տրանսպորտային, երկաթողային կապ հաստատել Ադրբեջանի հետ, եւ հնարավորություն է ուենում այնտեղ տեղակայել ռազմական բազա: Այսինքն, Ն. Փաշինյանը իրականություն է դարձնում Թուրքիայի կայսերապաշտական`«Թուրան» ծրագիրը, ինչի համար թուրքերը պայքարել էին դարեր շարունակ եւ արդյունքի չէին հասել:
Հայաստան– Առաջին պարտվող կողմն է: «Թրամփի ուղին» կամ «Զանգեզուրի միաջանցքի» նախագծի իրականացման դեպքում Հայաստանի յուրիսդիկցիայի ներքո գտնվող միջազգայնորեն ճանաչված տարածքը բաժանվում է երկու մասի: Ըստ որում՝ այն մասը, որը ապահովում է բարեկամական Իրանի շրջանների հետ սահմանային գոտին, դուրս է մնում ՀՀ-ի յուրիսդիկցիայից: Եվ քանի որ միջանցքը հսկելու սուվերեն իրավունքից զրկված է: Դրանով իսկ Հայաստանը հայտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման մեջ, կամ հայ ժողովրդի ճակատագիրը թողնվում է Թուրքիայի հայեցողությանը, ովքեր իրականացրել են Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի հայության բռնի տեղահանումը եւ ցեղասպանությունը:
Իրան– Նույնպես պարտվող կողմ է, եւ Թրամփի ուղու դեպքում զրկվում է Կովկասի եւ Ռուսաստանի հետ ցամաքային կապից: Բացի այդ, նրա սահմանային գոտում հայտնվում են ԱՄՆ-ի հատուկ զինվորականները, որը ռեալ վտանգ է:
Իրանի հոգեւոր առաջնորդ Խոմեյնին, ով սկզբունքային դիվանագետ է, հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումը դավաճանական է, եւ Թրամփի ուղի կոչվածը իրականանալու դեպքում այն կվերածվի գերեզմանոցի:
Ռուսաստան– Նույնպես պարտվող կողմ է: Համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կամ կապիտոլյացիայի ակտի՝ Սյունիքի միջանցքի հսկողությունը վերապահված է ՌԴ-ին եւ այդ պայմանագիրը դեռեւս ուժի մեջ է:
Իսկ օգոստոսի 8-ի հռչակագրի դրույթներով միջանցքի հսկողությունը վերապահվել է ԱՄՆ-ին:
Բացի այդ, ՌԴ-ն դուրս է մղվում Հարավային Կովկասից եւ զրկվում է Իրանի հետ ցամաքային ճանապարհից:
ՌԴ ԱԳ խոսնակ Մ. Զախարովան այդ առնչությամբ հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է հաշվի առնի, որ Թուրքիայի եւ Իրանի պետական սահմանը պաշտպանում են ՌԴ-ի սահմանապահները, Գյումրիում է գտնվում ՌԴ-ի 102 ռազմաբազան, եւ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է:
Զանգեզուրի միջանցքի տարածքը օտարելու իրավական հիմքերը
2025թ. օգոստոսի 8-ի հռչակագրի դրույթներից նկատվում է, որ կողմերը դեռեւս չեն վավերացրել խաղաղության պայմանագիրը: Իսկ Զանգեզուրի միջանքցը նախագիծ է, եւ հրապարկված չէ նրա բովանդակությունը:
Փորձենք դիտարկել, թե ՀՀ օրենսդրությամբ ինչ կարգով է օտարվելու պետության սեփականություն համարվող հողերը:
Այսպես, ՀՀ հողային օրենսգրքի 24-րդ հոդվածում ամրագրված է, որ Հատուկ նշանակության հողեր են համարվում պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը, եւ օրենքով պաշտպանվող շենքերի, շինությունների օգտագործման եւ սպասարկման տրամադրված հողերը:
Հետեւաբար, Սյունիքի մարզի Իրանի հետ սահմանակից գոտին կամ հողերը 42 կմ. երկայնքով, որը նախատեսված է, Զանգեզուրի միջանցքի համար պետական սեփականություն համարվող Հատուկ նշանակության հողեր են:
Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածում (Հողամասի վարձակալության իրավունք)՝ առաջին մասում ամրագրված է, որ հողամասի վարձակալության իրավունքը վարձակալական պայմանագրով, վճարի դիմաց հողամասի ժամկետային օգտագործման իրավունքն է:
Հողամասի սեփականատերը պայմանագրով կարող է վարձակալին տրամադրել հողամասի ենթավարձակալության եւ գրավ դնելու իրավունքներ:
Նույն օրենսգրքի երրորդ մասում ամրագրված է, որ պետության եւ համայնքների սեփականության հողամասերը վարձակալության չի կարող տրվել 99 տարուց ավելի ժամկետով, բացառությամբ, գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչեւ 25 տարի:
Իսկ նույն հովածի 4-րդ մասում շեշտադրված է, որ պետության եւ համայնքային հողերից հողամասերի վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով, հրապարակային սակարկությունների միջոցով: Հողամասերը առանց մրցույթի տրամադրելու դեպքերը սահմանում է կառավարությունը:
Հիշյալ նորմերի ամրագրումներից նկատվում է, որ Սյունիքի մարզի Իրանի հետ սահմանային գոտու պաշտպանական, սահմանային, եւ ռազմական նշանակություն ունեցող հոդերը կամ տարածքը 42 կմ երկայնքով ԱՄՆ-ին կամ նրա կազմակերպությանը տրամադրվելու է վարձակալության պայմանագրով, վճարի դիմաց, հողամասի ժամկետային օգագործման իրավունքով, մրցույթով, կամ առանց մրցույթի` կառավարության սահմանված դեպքում 99 տարի ժամկետով:
Իսկ սեփականատերը պայմանագրով կարող է վարձակալին տրամադրել հողամսսի ենթավարձակալության եւ գրավ դնելու իրավունքով:
Ըստ իս, հիշյալ գործարքը վտանգ է ՀՀ ազգային անվտանգությանը ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության անձեռնմխելիությանը: Եվ ըստ էության, համարվում է քաղաքական եւ իրավական կապիտուլյացիա:
Թրամփը 3 տարի է նախագահելու, իսկ Նիկոլը՝ ավելի շուտ է հեռանալու զբաղեցրած պաշտոնից, եւ անտարակույս 99 տարի ժամկետով վարձակալության ընթացքում, թուրքերը զավթելու են այդ տարածքը:
Չմոռանանք, որ Նիկոլը 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտով էլ ինքնակամ, հանցավոր թեթեւամտությումբ եւ անտարբերությամբ, Արցախը 5 տարի ժամկետով օտարեց այլ պետության` խաղաղապահ միսիայի կամ առաքելության տարբերակով, որի հետեւանքով բնաջնջվեց Արցախը:
Ներկայումս, պետության հատուկ նշանակության հողերը կամ տարածքը 99 տարի ժամկետով վարձակալության պատրվակով օտարելու գործարքի ծրագիրը Ն.Փաշինյանի գործած շարունակվող ծանր հանցագործություններից մեկն է, եւ ըստ էության, նրա գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կազմին:
Նախապատրաստվող գործարքը ինքնին հակասում է օրենքին, ըստ որում, ՀՀ հողային օրենսդրության նախաբանում հատուկ ամրագրված է. «Հողի տիրապետումը, օտարումը, եւ տնօրինումը չպետք է վնաս պատճառի շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանականությանը եւ`անվտանգությանը»:
Բացի այդ, գործարքը պառակտում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ փոփոխության է ենթարկում այն (Ադրբեջանի հետ տարածքը կիսվում է): Հետեւաբար, ըստ ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածի ամրագրմամբ, խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: Իսկ Փաշինյանի «Զանգեզուրի միջանցք» կամ «Թրամփի ուղի» մտահղացումը, կամ ծրագիրը պետք է խափանել: Ուստի Ն. Փաշինյանը եւ նրա ղեկավարած վարչախումբը պետք է հրաժարական ներկայացնի կամ հեռացվեն օրենքի ուժով:
Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ
15.10.2025