Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ #3 «Մենք պատրաստ էինք պատերազմին»

Հոկտեմբեր 16,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Փաշինյանի ստերը շարունակվում են…

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հետո՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց, որ պատրաստ էին պատերազմի սրացմանը, եւ  անհնար էր խուսափել պատերազմից։ Այս պնդումը հնչեց տարբեր ձեւակերպումներով, օրինակ՝ «Մենք պատրաստ էինք ցանկացած սցենարի» կամ «Մենք վստահաբար ունենալու էինք պատերազմ, բայց կարող էր լինել այն առանց զոհերի»։ Այդ ժամանակ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Փաշինյանի թեզերը հաստատելով, ասում էր. «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։

Պատերազմին նախապատրաստված լինելու պնդմանը հակասում է մի քանի իրողություն, որոնցից յուրաքանչյուրն ինքնին հերքում է այդ թեզը։

  1. Բանակը պատրաստ չէր ոչ թե տեխնիկապես (2018-ին նա ժառանգություն է ստացել զինված, հզոր ու ամուր բանակ, դրա ապացույցը 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից կազմակերպված մեր զենքերի ցուցադրությունն էր, որոնք հայտնվել էր նրանց ձեռքերում), այլ կազմակերպչորեն ու հոգեբանորեն։ Անհամաչափ մոբիլիզացիա, պաշտպանական առաջնագծերի անկանոն համալրում. սրանք թերեւս աենակարեւոր կետերից են, որոնք դարձան պատճառ պատերազմի անպատրաստվածության։
  2. Քաղաքական ղեկավարման խուճապ։ Փաշինյանը, դեռ պատերազմից ամիսներ առաջ հայտարարեց, որ բանակցությունները սկսում է իր սեփական՝ զրոյական կետից։ Պատերազմի ընթացքում նա օգնության չդիմեց եւ ավելին, պարզապես արգելեց ու խանգարեց մեր հերոսներին, գեներալներին ու իրական հրամանատարներին կանգնել բանակի կողքին։ Ճակատագրական սխալների, կամ, եթե ավելի ճիշտ կլինի ասել՝ դավաճանության արդյունքում, մենք ունեցանք մեծ կորուստներ Շուշիում։ Ռազմաճակատում ղեկավարությունն անփորձ էր, իսկ բարձրաստիճան հրամանատարները  պատերազմից հետո լուռ հեռացվեցին՝ առանց բացատրության։ Շատ մոբիլիզացվածներ տարրական զինվորական պատրաստվածություն չունեին։
  3. Միջազգային հարաբերություններում մեկուսացում. ՀՀ դիվանագիտությունը չկարողացավ կանխել պատերազմը, ոչ մի բանակցություն, ոչ մի համագործակցություն չկարողացավ բերել գեթ մեկ ռազմավարական օգուտ։
  4. Բացակայում էր հասարակության պատրաստվածությունը։ Արտակարգ պլաններ չկային անգամ բնակչության տարհանման համար։ Պատերազմի օրերին մի շարք խմբեր պարզապես ինքնակազմակերպվում էին՝ օգնություն ուղարկելով սահման, հասարակությանը ճիշտ տեղեկատվություն տալիս, օգնում տեղեկացվել, թե պատերազմական տարբեր իրավիճակներում ինչպես պետք է վարվել։
  5. Նույնիսկ առողջապահական ոլորտում չկար համակարգված աշխատանք։ Դաշտային ու տեղային հոսպիտալների բացակայությունը, մի շարք թերությունները բերեցին նրան, որ բացի 5000 զոհերից, այսօր ունենք տասնյակ հազարավոր հաշմանդամներ։
  6. Պատերազմի օրերին մի շարք բարերարներ մերժում էին ստանում (օրինակ՝ Տիգրան Ավինյանինց, ով այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնում էր) եւ ասում, թե պետությունը օգնության  կարիք չունի, այնինչ զինվորներն առանց քնապարկերի, հաճախ առանց սաղավարտների ու զրահաբաճկոնների էին կռվում թշնամու դեմ։
  7. Մաքսատնից շարունակաբար համահայկական բեռները ՊՆ-ն եւ առողջապահության նախարարությունը չէին կարողանում ստանալ, այն դեպքում, որ այդ բեռների մեջ կային ապրանքատեսակներ, որոնք օդ ու ջրի նման անհրաժեշտ էին կռվող զինվորներին։ Իսկ ստանալուց հետո, միեւնույն է՝ բեռները ոչ թե բաշխվում էին այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր, այլ լցվում էին պահեստները ու այդպես էլ սահման չեին հասնում։ Փոխարենը 2023 թվականի փետրվարին, այդ բեռները, որպես մարդասիրական օգնություն, ուղարկվեց Թուրքիա երկրաշարժից տուժած բնակչությանը։

Սրանք փաստեր են, որոնք վկայում են, որ «պատրաստ լինելը» պարզապես հորինվածք էր, իսկ ձախողումը՝ համակարգային էր։ 2020 թվականի պատերազմի արդյունքն ապացույցն էր նրա, որ ոչ միայն մենք պատրաստ չէինք պատերազմին, այլեւ պատերազմի ընթացքում ընձեռված հնարավորությունները գիտակցաբար անտեսվել են։ Պատերազմի պատրաստվածությունը չափվում է ոչ թե պաշտոնական դատարկ ու փուչ խոսքերով, այլ կործանված կյանքերով։ Եթե պատրաստ լինեին պատերազմին, արդյո՞ք կկորցնեին Շուշին, Հադրութը ու հազարավոր  կյանքեր։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031