2019 թվականին Փաշինյանը կարող էր գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված կարգավորմանը, որի համաձայն Հայաստանը պետք է հանձներ 5 շրջանը, իսկ Լաչինը և Քելբաջարը՝ միայն այն դեպքում, երբ վերջնական որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այս փաթեթին պետք է հաջորդեր նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։
Սա ՀՈՅԱԿԱՊ լուծում էր, որին համաձայնել էր նաև Ադրբեջանը։ Փաշինյանը՝ հեղափոխական էյֆորիայի պայմաններում ունենալով 10 միլիոնանոց հայության աջակցությունը, կարող էր շատ հանգիստ իրականացնել այս պլանը՝ նույն համառությամբ ժողովրդին բացատրելով, որ սա միակ խաղաղ կարգավորման հնարավորությունն է։ Մենք իրեն անպայմանորեն կաջակցեինք, որովհետև ԼՂ-ի խաղաղ կարգավորումը միշտ է մեր գիծը եղել:
Եթե անգամ հասարակության դիմադրություն լիներ, կարող էր այդ ծրագիրը ներկայացնել հանրությանը՝ ինչպես Տեր-Պետրոսյանը արեց իր «Խաղաղություն թե պատերազմ» հոդվածով, և հրաժարական տալ՝ իր նախընտրական ծրագրի հիմքում դնելով այդ կարգավորման առաջարկը։ Այդ դեպքում նա խաղաղ կարգավորման հարցը կհաներ հանրաքվեի, և մենք անկասկած իրեն կաջակցեինք՝ նույնիսկ դաշինք կազմելով նրա հետ։
Փաշինյանը այդ ժամանակ չի ունեցել ոչ լեգիտիմության ճգնաժամ, ոչ էլ հասարակական աջակցության պակաս։ Բայց նա՝ վախենալով, թե իրեն աջակցող հասարակության որոշ հատված կարող է ընդդիմադիր դիրքորոշում բռնել, կամ կարող է իրեն «դավաճան» անվանել, գնաց կործանման տանող ճանապարհով։
Կարդացեք նաև
Հենց այդ վարքագծով էլ պարզապես մերժեց խաղաղ բանակցությունները և հրահրեց պատերազմ՝ կործանելով և՛ Արցախը, և՛ Հայաստանը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան