Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդությունը։
«Այս իշխանության համար որեւէ սահման գոյություն չունի ու դրա համար նշանակություն չունի, թե ում նկատմամբ է իրականացվում այդ հարձակումը, այդ ապօրինությունները։ Հերթով փորձում են թիրախավորել թեմերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ իշխանությունը վերջերս հայտարարել է, որ Մայր աթոռի դեմ իր հարձակումը կյանքի կոչելու եւ նպատակին հասնելու համար ամեն ինչ անելու է, ու հոգեւորականների ձերբակալությունը դրան հասնելու հանգրվանային քայլերից մեկն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտվանից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների տներում, ինչպես նաեւ հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել են։ Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգեւորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ քննչական կոմիտեի հրապարակած նյութերը ապացուցում են, որ այստեղ իրավական որեւէ գործընթաց չկա։ «Այն իրերն ու գումարը, որոնք ներկայացված են, թեմի կամ եկեղեցու շրջանառու միջոցներ են, չեմ կարծում, որ որեւէ մեկի համար դա նոր բան է։ Բարեգործություն է կատարվում, ծառայություն իրականացնելիս՝ բենզինի կտրոն է բաժանվում, որեւէ կրիմինալ չկա՝ կարծում եմ»,-մասնավորապես նշեց ԱԺ պատգամավորը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ