Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանն առաջարկում է համեմատել պաղեստինյան խաղաղության հռչակագիրը Վաշինգտոնում Փաշինյանի ստորագրածի հետ. «Փաստ»

Հոկտեմբեր 16,2025 08:00

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն առաջարկում է՝ «փոխադարձություն» և «խաղաղություն» բառերի իմաստը հասկանալու համար դիտարկել Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրի պայմանները։ Այնտեղ նշված է՝ Իսրայելը ազատում է Գազայի սեկտորի 47 %-ը, ՀԱՄԱՍ-ը վերադարձնում է ողջ մնացած պատանդներին և զոհվածների մարմինները, Իսրայելն ազատում է 2000 պաղեստինցի բանտարկյալ, Գազայի բնակչությանը տրվում է վերադարձի իրավունք, իսկ մինչ այդ տարածքը ժամանակավորապես կառավարելու է միջազգային կոմիտեն, մինչև կատարվում են Պաղեստինի ինքնավարության համար նախատեսված բարեփոխումները։ Ու ևս մի շարք կետեր, որոնք մանրամասն կարգավորում են տարածաշրջանի կայունացման գործընթացը։

Այս փաստաթուղթը պրոֆեսիոնալ դիվանագիտության արդյունք է։ «Ովքե՞ր են այդ բանակցողները։ Գուցե խնդրենք պաղեստինցիներին կամ իսրայելցիներին՝ ժամանակավորապես մեկը մեզ տրամադրե՞ն», – ասում է քաղաքագետը։ Դժվար է չհամաձայնել։

Խաչիկյանն առաջարկում է համեմատել պաղեստինյան խաղաղության հռչակագիրը Վաշինգտոնում Փաշինյանի ստորագրած թղթի հետ: «Ինչպե՞ս են իրենց զգում հիմա հայերը՝ Բաքվի բանտերում, լքված ու դավաճանված իրենց կառավարության կողմից։ Նրանց ազատել փորձող կա՞։ Ինչպե՞ս են իրենց զգում 120000 փախստականները Արցախից. արդյոք նրանց տրվե՞լ է հայրենիք վերադառնալու իրավունք, ինչպես պաղեստինցիներին։ ԱՄՆ-ը հայտարարե՞լ է, որ երաշխավորում է խաղաղություն հայերի համար, ինչպես արեց պաղեստինցիների ու իսրայելցիների դեպքում։ Կլինե՞ն միջազգային խաղաղապահ ուժեր հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես Գազայում: Ով ուզում է հասկանալ «փոխադարձություն» բառի իմաստը, թող տեսնի, թե ինչպես է դա արվում։ Ոչ թե միակողմանի զիջումներ ու նվաստացումներ, այլ փոխզիջումներ. ես՝ քեզ, դու՝ ինձ», – ամփոփում է նա։

Ցավոք, Փաշինյանը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողով գնաց ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետների փորձը ուսումնասիրելու համար։ Նրա նպատակը ուրիշ էր՝ մոտենալ Թրամփին, որ հետո Հայաստանում իշխանամետ մեդիան աղմկի նրանց «հատուկ» հարաբերությունների մասին։ Եվ հասավ իր նպատակին՝ մոտեցավ, բռնեց Թրամփի ձեռքը, երկար ու համառորեն սեղմեց։ Մինչ միջոցառման ավարտը նորից «բռնացրեց» նրան՝ այս անգամ որոշելով ներկայանալ. «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ։ Շնորհակալ եմ Ձեզ, Աստված օրհնի Ձեզ»։ Հավանաբար, այդ պահին աշխարհի բոլոր հայերը, անկախ նրանից՝ քվեարկել էին ՔՊ-ի օգտին, թե ոչ, ամոթից գետինը մտան։ Ինչպես մեկնաբանեց մեկը, Շարմ էլ Շեյխում Փաշինյանի վարքագիծը «աննկարագրելի, բյուրեղյա, տիեզերական ինքնանվաստացման ակտ էր»։

Միևնույն ժամանակ չէ էլ հասկացվում, թե ինչու էր Փաշինյանը այդքան փայլում՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին. թերևս նոր լուսանկարների ուրախությունից։ Թրամփը, եթե հիշատակել է Հայաստանի անունը (որը չի հիշում), ապա միայն նվաստացուցիչ տոնով. Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունալի հակամարտությունը նա անվանել է «փոքրիկ պատերազմ», իսկ Փաշինյանին՝ «այն մյուս տղան» և «Ալիևի հայրենակից»։ Ալիևին նա գովել է որպես ուժեղ առաջնորդ և հավելել. «Լավ է նրա հետ չառնչվել»։

Փաստացի, նա գովել է Ադրբեջանի նախագահին՝ հայերի նկատմամբ հաղթանակի, ավտորիտարիզմի և Ղարաբաղի հարցը ուժով ու էթնիկ զտմամբ լուծելու համար։ Փաստացի, Փաշինյանը նրան շնորհակալություն է հայտնել միայն սոցցանցերի համար կոնտենտ ապահովելու համար։

Ի դեպ, զվարճալի մանրամասնություն: Սկզբում Փաշինյանը լուսանկարները մակագրել էր. «Կարճ զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»։ Բայց հետո, հասկանալով, որ «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ»-ը նույնիսկ «կարճ զրույց» չէ, նա խմբագրեց իր գրառումը։ Բայց հենց այդ մղումը՝ պարծենալ զրույցով, որը չի եղել, ինչպես պատանի աղջիկը՝ աստղի հետ երևակայական սիրավեպով, շատ բան է ասում Հայաստանի վարչապետի մասին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031