Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորեցին երկու ամսով

Հոկտեմբեր 16,2025 09:32

Հոկտեմբերի 16-ին առավոտյան 9:30 րոպեին հրապարակվեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վճիռը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի, դատարանը սահմանափակեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները՝ բացառությամբ մերձավոր ազգականների, եւ կալանավորեց նրան 2 ամիս ժամկետով. «Դատարանը գտավ, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը՝ տնային կալանք, գրավ և այլն, այս պահին բավարար չէ»:

Նրան մեղսագրվում է Քրեական օրենսգրքի 210- ի 5 մասով նախատեսված արարքը՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և 236 րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Փաստաբանը հայտնեց, որ բողոքարկելու են դատավճիռը. «Երկու կարևոր նկատառում պետք է ընդգծենք: Այս պահին հոդվածներից մեկը, որը մեղսագրվում է, այն պահին, երբ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել: Այսինքն` իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի և կոնկրետ անձի չընտրի, իսկ 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ և դիտարկվել։ Հետևաբար` սա չէր կարող ընդհանրապես որպես մեղադրանք ներկայացվել»:

Մյուս հոդվածով էլ, ըստ Երեմ Սարգսյանի, ասում են, որ կոնկրետ մեթոդների կիրառմամբ, լիազորությունները գործադրելով հարկադրել է հավաքի մասնակցել. «Ընդհանրապես հարկադրանքը չկարողացան ցույց տալ, ծառայողական լիազորությունները չկարողացան ցույց տալ։ Այսինքն, ընդամենը խոսքեր են, որ հանցագործություն է կատարել, բայց թե այդ հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկա, հետևաբար առնվազն այս հիմքերով միանշանակ բողոքարկելու ենք»։

Ըստ Փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գիտեր, որ այս գործում իրավաբանություն չկա: Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվել է Մկրտիչ սրբազանին օժանդակելու համար:

Հիշեցնենք, որ դատախազությունը միջնորդել էր կալանավորել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին: Կալանքի միջնորդությունը քննվում էր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ` հոկտեմբերի 16-ի ժամը 00:30-ից, նիստն ավարտվել է ժամը 06:00-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտվանից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների տներում, ինչպես նաեւ հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ, այդ թվում` թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել են։ Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգեւորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ցույցերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031