Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ պատասխանատու և կարևոր առաքելության մեջ։
Այս օրը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու լրատվամիջոցների կարևոր դերն ու նշանակությունը ժողովրդավարական հասարակության ձևավորման և զարգացման գործընթացում։ Լրատվամիջոցների ազատ, անվտանգ և պաշտպանված գործունեությունը կարևոր նախապայման է հասարակության իրազեկվածության և քննադատական մտածողության զարգացման համար։
Միևնույն ժամանակ, բացառիկ կարևորություն ունի լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի նորմերի և պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանումը։ Առանցքային է, որպեսզի լրատվամիջոցների գործունեությունը ուղղված լինի հանրության իրազեկմանն ու տեղեկացված որոշումների կայացմանը՝ զերծ մնալով ատելության խոսքի տարածումից և սոցիալական լարվածության խորացումից։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները և նպաստելու նրանց անխոչընդոտ ու արդյունավետ աշխատանքին՝ ՄԻՊ սահմանադրական մանդատի շրջանակում։
Կարդացեք նաև
Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև գործընկերային համագործակցությունը՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերի պատշաճ լուսաբանման և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում Ձեզ շարունակական հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ ու ստեղծագործ աշխատանք»։
Մարդու իրավունքների պաշտպան