Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մի շարք ուղղություններով կանգնած է լուրջ էկոլոգիական ճգնաժամի առաջ. վտանգավոր միտումներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն. «Փաստ»

Հոկտեմբեր 16,2025 10:54

Հայաստանը մի շարք ուղղություններով կանգնած է լուրջ էկոլոգիական ճգնաժամի առաջ, որի հետևանքները ոչ միայն տեսանելի են մթնոլորտի, հողի, ջրի, բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլև խորապես սպառնում են մարդկանց առողջությանը, սոցիալական կայունությանը և կյանքի որակին։ Շրջակա միջավայրի աղտոտումը Հայաստանում բազմաշերտ երևույթ է։ Հայաստանյան բնապահպանները հաճախ կենտրոնանում են հանքարդյունաբերության ուղղությամբ, սակայն վիճակագրությունը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա են մարդկանց առողջությանը սպառնացող շատ ավելի լուրջ խնդիրներ:

Նախ՝ Հայաստանի էկոլոգիական խնդիրների գագաթնակետն, անկասկած, երևում է մայրաքաղաք Երևանում։ Ավելին, կան ուսումնասիրություններ, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունն անհամեմատ բարձր է, քան հանքարդյունաբերություն ունեցող տարածքներում: Այստեղ համակենտրոնացած է երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը, իսկ քաղաքի ենթակառուցվածքները չեն հասցնում հարմարվել այդպիսի մարդաշատ միջավայրի բեռնվածությանը։ Մեքենաների անընդհատ աճող թիվը, ճանապարհների ծանրաբեռնվածությունը և կանաչ տարածքների կտրուկ նվազումը ստեղծել են այնպիսի պայմաններ, որ օդի աղտոտումը դարձել է «սովորական» երևույթ։ Երևանը գրեթե մշտապես ընդգրկված է բարձր փոշային մթնոլորտ ունեցող քաղաքների ցուցակում։ Մեքենաների արտազատած ածխածնի մոնօքսիդը, ազոտի օքսիդները և այլ թունավոր նյութեր, միանալով շինարարական փոշուն ու արդյունաբերական արտանետումներին, ձևավորում են թանձր շղարշ, որը հաճախ կարելի է նկատել քաղաքի վերևից։ Այս աղտոտված օդն այնուհետև անձրևների միջոցով նստում է հողի և ջրային հոսքերի վրա՝ խորացնելով ընդհանուր էկոլոգիական աղտոտման ցիկլը։

Շինարարական ոլորտը, որը վերջին տարիներին բուռն զարգացում է ապրել Երևանում, դարձել է մեկ այլ լուրջ վտանգ։ Քաղաքի գրեթե յուրաքանչյուր թաղամասում իրականացվող շինաշխատանքները հաճախ չեն համապատասխանում անվտանգության և բնապահպանական նորմերին։ Շինարարական փոշին տարածվում է մեծ տարածությունների վրա, աղմուկը գերազանցում է թույլատրելի մակարդակը, իսկ բեռնատարների անսահմանափակ երթևեկությունը ոչ միայն վնասում է ասֆալտը, այլև խախտում է բնակիչների հանգիստը։

Երևանի ամենահրատապ և ցավոտ խնդիրներից մեկն էլ մնում է աղբահանության և թափոնների կառավարման համակարգը։

Այս ամենի հետևանքները խորապես ազդում են մարդկանց առողջության վրա։ Երևանում շնչառական, սրտանոթային, ալերգիկ և օնկոլոգիական հիվանդությունների տարածվածությունը վերջին տասնամյակում աճել է, և բժիշկները հաճախ են նշում, որ դա անմիջականորեն կապված է օդի աղտոտման, հողի և ջրի քիմիական կազմի փոփոխության հետ։ Մասնագետների հաշվարկներով, Երևանի օդի աղտոտման մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի շեմը։ Աղբի և թափոնների հետ կապված վատ կառավարման արդյունքում մկների, միջատների և հիվանդություն տարածող այլ օրգանիզմների քանակը նույնպես աճում է՝ բարձրացնելով համաճարակային ռիսկերը։

Այս իրավիճակը պահանջում է ոչ թե մակերեսային, այլ համակարգային արձագանք։ Պետությունը պետք է ոչ միայն վերահսկի, այլ նաև խթանի քաղաքային և գյուղական մակարդակներում էկոլոգիական նոր մշակույթի ձևավորումը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031