Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության հեղինակած նախագիծը՝ եկամուտների հայտարարագրման գործընթացի փոփոխությունների մասին։
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ հիմնական փոփոխությունն այն է, որ նախատեսվում է հայտարարագրերը նախագծել կամ նախալրացնել ՊԵԿ կողմից եւ հայտարարատուներին տալ բավական տեւական ժամանակ՝ մուտք գործելու ՊԵԿ համակարգ եւ ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը եւ ըստ անհրաժեշտության կատարելու անհրաժեշտ լրացումներ կամ փոփոխություններ։ Իսկ եթե չկա փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը սովորական կանոնի համաձայն՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի մեկն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։
«Եվ այս պարագայում, քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որն առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում՝ տուգանք»,- ասաց Արման Պողոսյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այդուհանդերձ, բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք եւ ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրեն համար նախագծված հայտարարագիրը։
«Միաժամանակ, որպեսզի հարկային մարմինը կարողանա հնարավորինս ամբողջական եւ որակյալ տեղեկատվություն զետեղել հայտարարագրի նախագծում, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը։ Խոսքն այստեղ կարող է լինել օրինակ բնակչության պետական ռեգիստրի կողմից ներկայացվող տեղեկատվությանը կամ ֆիզիկական անձի սահմանահատման կամ Հայաստանում գտնվելու օրերի քանակի մասին։ Ինչո՞ւ, որովհետեւ միայն ռեզիդենտներն են, որոնք ներկայացնում են հայտարարագիր։ Եվ այստեղ կարիք կա պարզելու, արդյոք նա 183 օր տարվա ընթացքում գտնվել է ՀՀ-ում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Զուգահեռաբար նախատեսվում է կառավարությանն իրավասություն վերապահել՝ սահմանելու որոշ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի կամ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմը գերազանցելու դեպքում միայն։ «Խոսելով հայտարարագրման ոչ ենթական եկամուտների մասին, այսօրվա քննարկումներն այն մասին են, որ այդպիսի եկամուտները կարող են լինել, օրինակ, ներգրավված միջոցները՝ փոխառությունների, վարկերի տեսքով եւ այլն»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ