«Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք հետեւյալը՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որեւէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որեւէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել ու գնացել։ «Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է, ոչ, չի փլուզվել։ Էլ չեմ ասում, որ Հայաստանում նախկինում դեպքեր եղել են, երբ եպիսկոպոս է քրեական պատասխանատվության ենթարկվել ու տարիներ անցկացրել բանտում»,- ասաց Փաշինյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայ առաքելական եկեղեցու ու հոգեւորականների նկատմամբ իր գործողությունները համընկնում են Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեի հայտարարությունների հետ, հնարավո՞ր է, որ եկեղեցու դեմ հարձակումն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մաս է կազմում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ոչ, հնարավոր չէ, որովհետեւ նման բան չի կարող տեղի ունենալ։ Անկեղծ ասած, դուք եք հետեւում, ես չեմ հետեւում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարություններին։
Եթե ուզում եք որեւէ գործողություն համադրել որեւէ այլ գործողության հետ, այսօրվա իմ բրիֆինգը կարող է համընկնել տասնյակ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում, Իսրայելում, ուր ասես, Ալժիրում, Ավստրալիայում նույնիսկ Անտարկտիդայում եւ Հյուսիսային բեւեռում։
Կարդացեք նաև
Այն փաստը, որ դուք հարց տվեցիք այս պահին, հիմա եթե մենք հետազոտություն անենք, կհամընկնի Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի կամ որեւէ հոգեւոր գործչի որեւէ գործողության, Ադրբեջանի որեւէ պատգամավորի որեւէ գործողության հետ, Ադրբեջանի կառավարության որեւէ ներկայացուցչի որեւէ գործողության հետ։ Եվ դրանից հետ դուք ստիպված կլինեք պարզաբանել՝ էն հարցը, որը դուք այստեղ տվեցիք, արդյոք կապ ունի՞ Ադրբեջանի որեւէ մզկիթի հոգեւոր ծառայողի արած որեւէ հայտարարության հետ։ Կամ կարող է պարզվի՝ նամազի ժամ էր հիմա, էն պահին, երբ դուք հարցը տվեցիք, աշխարհի հազարավոր կամ հարյուրավոր մզկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ։ Եվ կարող է հնչել հարց՝ իսկ ձեր հարցն արդյոք պատահակա՞ն համընկավ նամազի մեկնարկի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես ձեր հարցին պատասխանում եմ՝ ոչ եւ հիմնավորում եմ, թե ինչու ոչ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ