Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում կոմպոզիտոր, խմբավար Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ է բացվել

Հոկտեմբեր 16,2025 15:58

Ֆրանսիայի մայրաքաղաքի 9-րդ թաղամասում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հիմնադիր և երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախաձեռնությունը կայացավ երաժշտի մահվան առաջին տարելիցի օրը՝ ի նշան նրա բազմամյա ստեղծագործական ու մշակութային վաստակի ճանաչման և նրա հիշատակի հավերժացման։

Արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի քաղաքապետի տեղակալ, Հիշատակի և վետերանների հարցերով պատասխանատու Լորանս Պատրիսը, Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, ինչպես նաև կոմպոզիտորի ընտանիքի անդամները՝ որդիներ Գորյուն և Արա Ափրիկյանները և թոռնուհին Թալին Ափրիկյանը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչան և Անուշ Թորանյանը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, Փարիզի ֆիլհարմոնիայի նախագահ Օլիվիե Մանթեին, ինչպես նաև հայկական կազմակերպությունների, մշակութային շրջանակների և ֆրանսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Իր խոսքում դեսպան Արման Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին, Փարիզի քաղաքային խորհրդին և 9-րդ թաղամասի ղեկավարությանը՝ Կարպիս Ափրիկյանի հիշատակի հավերժացմանը և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը նպաստող այս գեղեցիկ նախաձեռնության համար։

Դեսպանն ընդգծեց, որ Կարպիս Ափրիկյանն իր ստեղծագործական ուղիով և ղեկավարած երգչախմբի միջոցով զգալի դեր է խաղացել հայ և ֆրանսիական երաժշտական ժառանգության տարածման գործում։ Նա գոհունակություն հայտնեց, որ երաժշտի անունը շարունակելու է հնչել Փարիզի սրտում՝ դառնալով հայ և ֆրանսիական մշակույթների ներդաշնակ միասնության յուրօրինակ խորհրդանիշ։

Լուսանկարը՝ Մելքոն Աճամյանի և Լիդիա Կասպարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031