2025թ. հոկտեմբերի 15-ին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյոն Բերգին հանձնեց «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) վավերագիրը։ Տվյալ քայլով Հայաստանն ավարտին հասցրեց 2024թ․ մայիսին ստորագրված Կոնվենցիայի վավերացման ներպետական գործընթացը։
Դեսպան Պապիկյանը կարևորեց Հայաստանի միանալը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միակ իրավական գործիքին՝ հաշվի առնելով, որ Օվիեդոյի կոնվենցիան օժտված է արդյունավետ իրավական մեխանիզմներով, որոնք ուղղված են մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը առողջապահության և գիտական բժշկության ոլորտներում։
Արձանագրելով, որ Օվիեդոյի կոնվենցիան համալրում է Հայաստանի կողմից մինչ այս վավերացված Եվրոպայի խորհրդի 70 կոնվենցիաների շարքը՝ դեսպանն ընդգծեց, որ ԵԽ կոնվենցիաները հիմք են ծառայել լայնածավալ իրավական և գործնական բարեփոխումների իրականացման համար՝ նպաստելով Հայաստանում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, ինչը վկայում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ սերտ և արդյունավետ համագործակցության մասին։
Հայաստանը Եվրոպայի խորհրդում