-Պատվարժան դատարան, թեև ես լսեցի, որ մեղադրյալներից պարոն Գալստյանը ներկա չի, բայց ես անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այն վերաբերում է իմ պաշտպանյալի խափանման միջոցի հարցին- այսօր ահաբեկչության նախապատրաստման գործով Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Փաստաբանը պնդեց՝ անհետաձգելի բնույթի միջնորդություն է ու չի կարող ներկայացնել դռնբաց նիստում, այն պետք է ներկայացնի դռնփակ նիստում եւ միջնորդեց անցնել դռնփակ նիստի:
Մեղադրող դատախազն էլ վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դրույթը, ըստ որի, եթե մեղադրյալներից մեկը ներկա չէ, ապա նիստը ենթակա է հետաձգման։ Իսկ նիստին այսօր չէր ներկայացել մեղադրյալներից Տիգրան Գալստյանը, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
«Ես պատահական չեմ նշում, երբ ասում եմ՝ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որ հայտնի չի եղել ո՛չ դատավորին, ո՛չ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին հայտնի չի եղել։ Պաշտպանյալիս հայտնի է դարձել նիստի ընթացքում։ Եթե ես այդպես եմ ասում, ուրեմն մեղմ ասած, կարեւոր հանգամանք ունեմ ներկայացնելու»,-ասաց Վարդեւանյանը։
Նիստը նախագահող Ֆարխոյանը բավարարեց միջնորդությունը, անցան միջնորդության դռնփակ քննարկման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ