Գյումրու ավագանու նիստը, որի օրակարգի 19-րդ հարցը վերաբերում էր ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուն, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով քննարկվեց հենց սկզբում։
Նախատեսվում է նաև 6 միլիոն դրամի շրջանակում մրցույթ հայտարարել՝ փաստաբանական խմբին հատկացնելու համար։
Նիստն անցավ բավականին թեժ․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ դատի են տալու կառավարությանը, քանի որ քաղաքից հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, սակայն շատ քիչ մասհանում է արվում։
Կարդացեք նաև
Ըստ Գյումրու քաղաքապետի, աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ նույն պատկերը լինի․ երկրի համախառն բյուջեից ամենաշատը 4 տոկոս են հանում, դրա համար էլ, ըստ նրա, քաղաքային բյուջեները խայտառակ վիճակում են գտնվում։ Մինչդեռ, Վարդան Ղուկասյանի ասելով, բնակիչներն ամեն մի հարցով դիմում են քաղաքապետարան կամ գյուղապետարան։
Վարդան Ղուկասյանը տեղեկացրեց, որ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ տնտեսագետների հատուկ խումբ է ստեղծվել, հատուկ ուսումնասիրություն է արվել, և հիմք դա է ընդունվել։
«Պատկերացրեք, քաղաքից տարվում է 85 միլիարդ դրամ, և Գյումրու քաղաքապետարանին տրվում է 4 միլիարդ։ Հիմա 2026 թվականին նախատեսված է 4,5 միլիարդ, բայց բնավ առ ոչինչ է։ Հիմա ինձ կարող են ասել, գիտեք ինչ կա, թոշակները տալիս ենք․ Գյումրու քաղաքի թոշակները, մանկավարժների, բուժաշխատողների։ Մենք կողմնակից ենք, ընդունում ենք, բայց դա 10 միլիարդը չի անցնում։
Բանակին և ոստիկանության կառույցներին ևս էդտեղից գումար է գնում, մենք կողմնակից ենք, այդ բոլոր գումարները մենք հաշվարկել ենք, եթե մեզանից դուրս է գալիս և եթե թողնում են մեզ գումարները, չենք ասում բոլորը, ուրեմն մենք պարտավորվում ենք թոշակները մեր քաղաքացիների կրկնակի, եռակի ավելացնել։ Մենք պարտավորվում ենք աշխատողների, մանկավարժների, բուժաշխատողների աշխատավարձերը կրկնակի անգամ ավելացնել։
Ես կոնկրետ պարտավորվում եմ՝ անօթևանների խնդիրը լուծել քաղաքային բյուջեից», -ասաց քաղաքապետը։
Նա ասաց, որ իրենց հաշվարկներով՝ քաղաքի բյուջեն միայն դոտացիայի մասով 27 միլիարդ 500 միլիոն դրամ է կազմում։
Վարդան Ղուկասյանը նշեց, որ այս հարցը բարձրացրել է նախկին նախագահների մոտ, կան տեսանյութերը։
Նրա ասելով՝ բացի ասֆալտից, այլ գործ չեն տեսնում Գյումրիում, առողջացման ոչ մի ծրագիր չկա։
«Աշխատատեղերի ստեղծման հետ կապված ոչ մի ձայն ընդհանրապես չկա։
Ես ուզում եմ, որ քաղաքի շահերն ավելի բարձր պահենք, քան կուսակցական, հայրենիքի շահերը ավելի բարձր պահենք, քան կուսակցական»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Ավագանու ՔՊ-ական անդամները հերթով հակադարձեցին Վարդան Ղուկասյանին, սակայն վերջինս չէր համաձայնում, իր հերթին հակադարձում էր նրանց։
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանն ասաց, որ իրենց կառավարությունը 2018 թվականից սկսած մինչև օրս «ահռելի և չտեսնված ներդրումներ» է արել, ու քաղաքը փոխվել է բոլորի աչքի առաջ։
Նա հաշվարկեց, որ 77,1 միլիարդ դրամի ներդրում է արվել քաղաքում կառավարության կողմից՝ 2018 թվականից սկսած։
Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց․ «Ես ցավում եմ, որ 70 միլիարդ դրամ է ներդրված Գյումրի քաղաքի զարգացմանը, և էդ 70 միլիարդից մեկ աշխատատեղ չի ավելացել։
Ես ցավում եմ, որ 70 միլիարդ դրամ է ներդրված Գյումրի քաղաքին և մի բնակարան չի կառուցվել։ Եվ էդ գումարները որտե՞ղ են ծախսվում, դա էլ զարմանալի է։
Գիտեք ինչ կա, 7 տարի ձեր կուսակցությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը, ամեն տարի 1 միլիարդ դոլար վարկ եք վերցրել։ Եվ էսօր Հայաստանի պարտքը դարձել է 14 միլիարդ։ Հայաստանի Հանրապետությունում մի գործարան չի կառուցվել, և դուք կարող եք ասել, որ էսքան բան ենք արե՞լ։
Կողմնակից եմ, որ գումարները բերում են, բերում են, որ երկիրը գցեն այլ երկրների ազդեցության տակ։ Դա էլ հատուկ քաղաքականություն է։ Գիտեք ինչ կա, դա ժողովրդի գումարներ են, չի կարելի վերագրել ձեր վրա։ Մեր զավակները, թոռները պիտի հետո էդ գումարների պատասխանը տան։
Գիտեք ինչ կա, եթե դուք լուրջ մասնագետներ ունենայինք, կադրային ձեր բանկը լուրջ լիներ, այո, երկրի առաջին խնդիրն աշխատատեղերի ստեղծումն է, ռազմական արդյունաբերությունն է, և պետությունը սեփականություն պիտի ունենա, բանակին, մնացածին պետությունը պիտի մատակարարի, և բյուջեն երկրի 2-3 անգամ ավելացնի»։
Ըստ նրա, եթե այսօրվա նախարարությունները իրենց ոտ չպահեն, քաղաքում շատ գործ կանեն։
Չնայած քաղաքապետը կարող էր դատարան դիմել առանց ավագանու քվեարկությանը ներկայացնելու, սակայն հարցը օրակարգ չմտավ․ «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն առաջարկեց Հրանտ Բագրատյանին հրավիրել Գյումրի, որը կհիմնավորի իր ուսումնասիրությունները։ Դրանից հետո նոր միայն ավագանին կմասնակցի քվեարկությանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ