ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Դրանցից մեկը Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծն էր, որը բուռն կիրքեր բորբոքեց: Նախագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյաննը:
Նոր նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողների թիվը պարտադիր 3-ից դարձնել 2: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը արշավ է Հայ Առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի դեմ, քանի որ հանրությունը զրկվում է կրթական, մշակութային ուղղվածության հաղորդումներից
«Անկեղծ ասած, ես ձեզանից հիմնավորումներ էի սպասում, բայց ընդամենը ներկայացրել եք Տեսալսողական մեդիայի մասին օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ մասում փոփոխությունը, ընդ որում այդ փոփոխությունն ամբողջությամբ չներկայացրիք, միայն մեկնաբանեցիք, որ ավելի մեծ ճկունությունն է ձեր հիմնավորումը»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Կարդացեք նաև
Նաեւ նկատեց, որ նախագծից դուրս է մնացել կրթական եւ մշակութային հաղորդումների մասին օրենսդրական պարտադիր պահանջը:
«Ես ուզում եմ այս պահին ձեզանից եւ նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանից շատ ավելի լուրջ հիմնավորումներ լսել: Կարծում եմ, ոչ միայն ես, այլեւ մեր հանրությունն ունի ցանկություն լսելու հիմնավորումներ, որովհետեւ այն հիմնավորումը, որը կցված է այս նախաձեռնությանը, բաղկացած է ընդամենը երկու կետից: Առաջինով դուք անդրադարձել եք ընթացիկ իրավիճակին, երկրորդով՝ ակնկալվող արդյունքներին:
Մեր, որպես խորհրդարանական փորձառություն ունեցող պատգամավորների փորձն ասում է, որ հիմնավորումները գոնե պետք է 5 մասից բաղկացած լինեին, այնտեղ նշված լիներ, թե այս նախաձեռնության ակունքներում ինչ հանրային պատվեր կա, ովքեր են աշխատել նախաձեռնության վրա, եւ երկրորդը՝ այս նախաձեռնությունը ռազմավարական ինչ փաստաթղթի, ՀՀ կառավարության կողմից որդեգրված որ քաղաքականությանն է սպասարկում:
Իհարկե ձեր ասած 3-ը 2-ի փոխարինելու ճկունությունը դժվարություն ունեմ հասկանալու, ակնհայտ երեւում է, դուք էլ չեք թաքցրել Հանրայինով հայտարարելով, որ ինչպես դուք ասացիք՝ առանց սեթեւեթանքների ուզում եք հրապարակային ասել, որ սա ուղղված է հենց Շողակաթ հեռուստաընկերությանը: Եվ հիմա, ես ուզում եմ, որ բացի ձեր սուբյեկտիվ գնահատողական դիտարկումներից (պատճառում է որակական խնդիրներ, ռեսուրսների դժվարին բաշխվածություն, բովանդակությունը կրկնվում է տարբեր հեռարձակողների ծրագրերում, կառավարման ծանրություն եւ այլն) տեղեկացնեիք մեր հանրությանը, թե եվրոպական ինչ փորձ է դրված այս նախաձեռնության հիմքում, որովհետեւ որեւէ ինստիտուցիոնալ, խորքային վերլուծություն այստեղ ներգրաված չէ »,-ասաց Լիլիթ Գալստյանը հիմնական զեկուցմամբ հանդես եկած Թագուհի Ղազարյանին: Նա շեշտեց, որ նախագծում ՔՊ-ականների սուբյեկտիվ կարծիքն է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, ներկայացված է ըստ էության Շողակաթ ՀԸ-ն փակելու նախագիծ. «Եթե նման հավակնություն ունեք, ուրեմն պետք է բարի լինեիք համապատասխան ուսումնասիրություն ներկայացնել հիմնավորման մեջ, եւ խոսում եք այստեղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման մասին; Հիմա հնչեցնեմ թվեր…»:
Սիսակ Գաբրիելյանը փորձեց ընդհատել Լիլիթ Գալստյանին, բայց նա շարունակեց խոսքը՝ նշելով, որ ամբողջ մեկ տարվա համար տեսաարատադրությանը վճարվում է ընդամենը 600 հազար դրամ:
Պատգամավորը հավելեց, որ պետության պոզիտիվ առաքելությունն է ապահովել հանրային տիրույթում մշակութային, կրթական հաղորդումների բազմազանություն. «Դուք ապառիկի հույսերով փակում եք հեռուստաընկերությունը»: Նա, ի թիվս այլնի, հիշեցրեց, որ մեր ռազմավարության մեջ մշակույթի հասանելիությունը եւ մշակութային կրթության հասանելիությունը որպես առաջնահերթություն է ձեւակերպված:
Պատգամավորն ասաց, որ պետք է նաեւ ՀՌՀ-ի տեսակետը ճշտել: «Սա ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ թիրախավորված պայքարի, ասպատակության շրջանակներում»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Թագուհի Ղազարյանն ասաց, որ Շողակաթ հեռուստաընկերությունը կարող է հեռարձակվել առանց պետական բյուջեի միջոցների, 5000 ժամ բովանդակությամբ այն մրցունակ է բոլոր հեռուստաընկերությունների հետ, դրա համար չի հասկանում, թե որն է խնդիրը:
Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ պետության պոզիտիվ պարտականությունն է մշակութային եւ կրթական բովանդակությունը փոխանցել քաղաքացիներին. «Հիմա այդ բովանդակությունը կլինի ֆեյսբուքյան որեւէ օգտատիրոջ միջոցով, որն ավելի մեծ ազդեցություն ունի, այդ թվում՝ հանրային բոլոր հեռարձակողները միասին, թե կլինի մի կազմակերպության մշակութային կամ կրթական տուրերի միջոցով, դա արդեն ընտրության հարց է…Կրթություն, կրթություն, որ ասում եք, ես չեմ հիշում որեւէ իշխանություն վերջին 30 տարիներին, որ այսքան կարեւորել եւ խոսել է կրթության մասին: Այո, մեր պարտականությունն է, որը անում ենք, դրա համար էլ ստեղծվել է առանձին հիմնադրամ, որը չկար »:
Լիլիթ Գալստյանին չհամոզեցին ՔՊ-ականների հիմնավորումները: Նա ասաց, որ կրթամշակութային հաղորդումների դաշտը բաց է մնում, չկա հավատարժան վերլուծություն: «Դուք դատավճիռ եք իրականացնում առանց փաստարկների»,-ասաց նա՝ հավելելով, որ սեփական ախտորոշման վրա ՔՊ-ականները դատավճիռ են կայացրել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ