Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուռա՜, ընկերներ»․Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց ավագանու ՔՊ-ական անդամի ելույթին

Հոկտեմբեր 16,2025 19:25

Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քննարկման էր դրել ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու, կառավարությանը դատի տալու հարցը, ավագանու ՔՊ խմբակցության անդամները հերթով հակադարձում էին նրան։

Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանը ելույթ ունեցավ՝ նախ բարձրաձայնելով Գյումրու Մուշ թաղամասն աղբավայրի վերածելու հարցը։

«Ո՞վ է ձեզ ճնշում, որ Գյումրին դարձրել եք աղբանոց բաց երկնքի տակ»,-հարցրեց ավագանու անդամը։ Այս խոսքերը լսելով՝ Վարդան Ղուկասյանը սկսեց անձայն ծիծաղել, բաժակը վերցրեց, ջուր խմեց ու շարունակեց համակ ուշադրությամբ լսել։

«Գյումրու Մուշ թաղամասը, որը համարվում է ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկը, որտեղ տեղակայված է դպրոց, մանկապարտեզներ, զարգացման կենտրոններ, 24 ժամյա ռեժիմով բնակիչները շնչում են այրված աղբի ծուխը։ Դա հերիք չէր, հիմա էլ ամենաթողության պատճառով թաղամաս մտնող մեկ այլ ճանապարհահատված պատրաստ է վերածվել նոր աղբավայրի։

Կրկին ձեզ հարցնում եմ, ո՞վ է ձեզ ճնշում, որ որդեգրել եք այդ քաղաքականությունը։ Արդյոք պարոն Չադրյանը տեղյակ է այդ նոր աղբավայրից, որը Մուշ թաղամաս մտնող ճանապարհահատվածին է»,- հարցրեց ավագանու անդամը՝ լուսանկարներով ցույց տալով իր ասածը։

Նա շարունակեց․ «Ամբողջ քաղաքը թաղված է հոգսերի մեջ, դրանք քաղաքի ուսերից թոթափելու փոխարեն գիշեր ու զոր դժգոհում եք Հայաստանի Հանրապետության կառավարությունից, թե սա մի կառավարություն է, որ անընդհատ հոգսեր է ստեղծում։

Քննադատում եք մի կառավարության, որը 2018 թվականից իրագործում է և շարունակելու է իրագործել հսկայածավալ ծրագրեր Գյումրիում, և այդ ծրագրերի շնորհիվ է, որ Գյումրին վերափոխվել է, զարգացել է ներքին տուրիզմը, և ինչպես ազգաբնակչությունն է նշում՝ Գյումրին փոխվել է։

Պարոն Սիմոնյանն էլ (ի նկատի ունի Մայր Հայաստան խմբակցության ղեկավարին) իր ելույթում նշեց, որ կառավարությունն այդ ծրագրերը պիտի անի, բա ի՞նչ պիտի անի՝ ևս մեկ անգամ փաստելով, որ կառավարությունը Գյումրիում հսկայածավալ ծրագրեր իրագործել է և շարունակելու է իրագործել։

Պարոն Սիմոնյան, նման խոսույթով հանդես գալուց առաջ, ձեր քաղաքական ղեկավար Թևանյան Անդրանիկից ճշտեք և հարցրեք, թե նա ի՞նչ ծրագիր կամ ի՞նչ օգուտ բերեց Հայաստանին՝ ռուսական ալիքի եթերում անփառունակ ելույթ տալով։

Մեկը պարում է, մյուսը լացում է, երրորդը չգիտեմ ինչ ձևերով է հանդես գալիս, օրերով ավելանում են փոսերով լցված փողոցների, շներից տուժված քաղաքացիների, նոր աղբավայրերի քանակը։ Հարկավոր է զինաթափել կեղծիքը, վերջ տալ թշվառությանը և չխեղաթյուրել։

Զբաղվե՛ք քաղաքի հոգսերի կրճատմամբ, այլ ոչ թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների գուշակմամբ։ Իշխանությունը պատկանում է և պատկանելու է ժողովրդին, և կեցցե՛ Անկախ Հայաստանի Հանրապետությունը»։

Վարդան Ղուկասյանը, որն ավագանու նիստի ընթացքում հազիվ էր զսպում իր թիմակիցներին, որ տեղից չարձագանքեին, բացականչեց․ «Ուռռա՜, ընկերներ»։

Ավագանու «Կոմունիստական կուսակցության» անդամներն էլ սկսեցին ծափահարել։

Քաղաքապետն հետո ասաց․ «Աղջիկն իր ելույթ ունեցավ, ինքն իր կարծիքն է ասում, դե հիմա, իրենց գործն է, իրենք էդպես պիտի ասեն, մենք համամիտ չենք իրենց ասածներին, իրենք իրենց կարծիքն ունեն, մենք մեր կարծիքը, ժողովուրդն էլ իր կարծիքը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031