Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ, որի օրակարգում կառավարությանը դատի տալու հարցն էր, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը ելույթ ունեցավ՝ կոչ անելով օգտագործել քաղաքական խոսույթ, ոչ թե ավագանու անդամներին դիմել՝ աղջիկ ջան, երիտասարդ և այլ ձևերով։
«Քաղաքական խոսույթն իր մեջ ներառում է սարկազմ, քամահրանք, հեգնանք, ժողովրդական լեզվով ասեմ՝ նաև մի քիչ մուննաթ։
Դուք այդ ոճով, իհարկե, կարող եք ձեր ելույթները կառուցել, կարող եք ֆեյսբուքում գրառումներ անել, որևէ մեկը ձեզ որևէ բան չի կարող ասել։
Դուք քննադատում եք կենտրոնական իշխանությանը, մենք քննադատում ենք քաղաքային իշխանություններին, և դա նորմալ է։ Այդպես պետք է լինի ցանկացած ժողովրդավարական երկրում, բայց որևէ մեկը ձեզ իրավունք չի տվել ատելության խոսք տարածել և անձնական դաշտ մտնել և անձնապես վիրավորել մարդկանց։
Կարդացեք նաև
Ես խնդրում եմ, որ մենք այս մասով առնվազն մտածենք և այսուհետ փորձենք ավելի կոռեկտ լինել և միմյանց հետ հարգանքով խոսել։
Աղջիկ ջան, աղջիկ, երիտասարդ, զերծ մնացեք նման բառամթերք օգտագործելուց։ Այստեղ բոլորը ավագանու անդամներ են, ՏԻՄ օրենքով քաղաքական պաշտոն են զբաղեցնում, ունեն ազգանուն և դիմեք իրենց ազգանունով, բոլորի հետ խոսեք դուք-ով, որպեսզի այդ համագործակցությունը ստացվի», -ասաց Քնարիկ Հարությունյանը։
Նա, անդրադառնալով կառավարությանը դատի տալուն, ասաց, որ Վարդան Ղուկասյանը նախկինում դա չէր կարող անել, որովհետև բյուջեն երկու անգամ պակաս էր։
«Մի պահ պատկերացնենք, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը դատի է տալիս Գյումրու համայնքապետարանին, ես պատկերացնում եմ, թե հակառակ կողմից ինչ էմոցիաներ կլինեին, ինչ ճնշումների մասին կխոսեիք, ձեր սահմանափակումների մասին կխոսեիք, բայց իհարկե, կեցցե՛ ազատ ու անկախ Հայաստանը։
Ու շատ լավ է, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և դուք ունեք այդ հնարավորությունը այդ լիազորությունից օգտվել։ Բայց դուք խոչընդոտում եք կառավարություն- համայնք աշխատանքին և այս կերպ դուք խանգարում եք Գյումրու զարգացմանը», ասաց ավագանու անդամը։
Վարդան Ղուկասյանը արձագանքեց․ «Ես երկու բառ ասեմ, շատ լավ գեղեցիկ ելույթ ունեցավ, հավանական է՝ էդ խոսքերի 90 տոկոսը Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ի Ազգային ժողովի պատգամավորներին ավելի շատ է վերաբերվում, քան Գյումրու քաղաքապետին ու ավագանու անդամներին։
Եթե ՀՀ վարչապետն ասում է, քեռակնկադ դոմփեք, մյուսին դոմփեք, պատկերացրեք, էն մյուսն ասում է՝ ականջդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, էնտեղ ելնին, ծեծեն, ջարդեն, էս կողմ, էն կողմ․․․
Շատ շնորհակալություն, որ դուք իրենց զգաստացնում եք, ովքեր ինչքան մեղքի բաժին ունեն, թող իրենց վրա վերցնեն»։
Վարդան Ղուկասյանը հորդորեց շանտաժի լեզվով չխոսել, չասել մյուս քաղաքական ուժերին՝ եթե կողմ քվեարկեք, պատասխանատվությունը կվերցնեք։
Նա նաև ասաց, որ այսօր խոսքի ազատություն է, դրա համար էլ դատի են տալիս կառավարությանը։
«Փառք Աստծո, որ դուք էսօր էդ սկզբունք եք որդեգրել, բայց, ցավոք սրտի, ասեմ եթե՝ հոգևորականները, եպիսկոպոսներն ու մնացած հոգևորականները բանտարկված են, դուք ազատ խոսքի ջատագովը չեք, դուք չեք կարող դրանից խոսել, ուղղակի շինծու է էդ ամեն ինչը»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ