Ռուսաստանից դարձյալ հիշեցնում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու մասին
Մոսկվա-Բաքու հարաբերություններում տեւական լարվածությունը փոքր-ինչ մեղմվել է: Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում Ալիեւը Պուտինին երեք անգամ շնորհակալություն հայտնեց ադրբեջանական օդանավի աղետից հետո «իրավիճակը անձամբ վերահսկելու համար»: Ալիեւը նաեւ նշեց, որ հարաբերությունները հաջողությամբ զարգացել են այս տարի, ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերություններում, այլեւ մյուս բոլոր ոլորտներում, իսկ «առեւտրաշրջանառությունը լավ է աճում»։
Այս հանդիպումից օրեր անց` հոկտեմբերի 13-14-ը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանում էր, որտեղ մասնակցեց ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը: Օվերչուկը բանակցություններում գլխավորում էր ռուսական պատվիրակությունը: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում էր փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, իսկ իրանական կողմը ներկայացնում էր ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադուղը։
Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համատեղ աշխատում են տրանսպորտային ուղիների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ, Բաքվում կայացած Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպմանը հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու կողմերին՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղու զարգացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքի համար։ Այս աշխատանքի հաջողությունը կախված է մեր համատեղ ջանքերի համակարգումից։ Մենք համատեղ աշխատում ենք ավտոմոբիլային անցակետերի հզորությունը մեծացնելու, բեռնափոխադրումների մի մասը երկաթուղային տրանսպորտին վերաբաշխելու, ենթակառուցվածքային նախագծեր համատեղ իրականացնելու, մաքսային հսկողությունը արագացնելու եւ ընթացակարգերը օպտիմալացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ «Կանաչ միջանցք» եւ «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծերի շրջանակում», – Օվերչուկի հայտարարությունն է մեջբերում ՌԴ փոխվարչապետի գրասենյակը:
Կարդացեք նաև
Այսպես, Բաքվում քննարկեց ենթակառուցվածքային համագործակցությունը եւ տարածաշրջանում տրանսպորտային կապի ամրապնդումը: Օվերչուկն ընդգծեց համատեղ լուծումների մշակման կարեւորությունը՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղու զարգացման շրջանակներում փոխադրողների, արտահանողների եւ ներմուծողների համար հարմարավետ եւ անխափան միջավայր ստեղծելու համար։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2025թ. առաջին կեսին ռուս-ադրբեջանական պետական սահմանի հատվածը հատել է 176,761 միջազգային տրանսպորտային միջոց, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բեռնաշրջանառությունն աճել է 13%-ով՝ հասնելով 6.8 միլիոն տոննայի: Ռուս-ադրբեջանական պետական սահմանին գտնվող ավտոմոբիլային անցակետերի վերաբերյալ մենք միջոցներ ենք ձեռնարկել, որոնք հնգապատկել են դրանց թողունակությունը՝ օրական 400-ից հասնելով 1900 բեռնատարի», – նշել է Օվերչուկը։
Նովո-Ֆիլյա, Թագիրքենթ-Կազմալյար եւ Յարագ-Կազմալյար ավտոմոբիլային անցակետերի վերակառուցման ավարտից հետո ռուսական կողմում բեռնափոխադրումների ընդհանուր թողունակությունը կկազմի օրական 3000 մեքենա։ ՌԴ տարածքում իրականացվում են Աստրախան, Մախաչկալա, Դերբենտ եւ Խասավյուրտ քաղաքների շուրջ շրջանցիկ ճանապարհների կառուցման նախագծեր։
Երկաթուղային ենթակառուցվածքների ոլորտում ռուսական կողմը աշխատանքներ է տանում Դերբենտ-Սամուր-պետական սահմանային միջանցքի մի հատվածը AC քարշակման համակարգի վերածելու եւ Դերբենտում երկաթուղային անցակետ կառուցելու ուղղությամբ։ Անցյալ տարվա վերջին Ադրբեջանի Հանրապետության հետ միջկառավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով տարանցիկ երթեւեկությունը զարգացնելու համար։
Իրանի հետ 2023թ. համաձայնագրի իրականացում Իրանը շարունակում է աշխատանքները Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի շինարարության գործում: 2025թ. մայիսին ռուսական կողմը սկսել է նախնական հետազոտություններ անցկացնել, տարածքի հետախուզություն կատարել, եւ աշխատանքներ են տարվում գեոդեզիական հենակետային ցանցի ստեղծման ուղղությամբ։
«Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղու գրավչությունը բարձրացնելու համար մեզ համար կարեւոր է զարգացնել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ներդաշնակ տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ ստեղծել հավասար պայմաններ պետական սահմանը հատող բոլոր բարեխիղճ փոխադրողների համար», – հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը։
Փոխվարչապետը նշել է, որ այս աշխատանքը պայմանավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ աճող առեւտրատնտեսական կապերով։ Երկրների միջեւ առեւտուրը կայուն աճ է ցուցաբերում: Ադրբեջանից ռուսական ներմուծումը 2025թ. առաջին յոթ ամիսներին աճել է 9.5%-ով՝ հասնելով 742.4 միլիոն դոլարի: Իրանի Իսլամական Հանրապետության հետ առեւտրաշրջանառությունը 2024 թվականին աճել է 13.3%-ով, իսկ 2025թ. առաջին յոթ ամիսներին՝ 11.8%-ով՝ հասնելով 2.7 միլիարդ դոլարի։
ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը Իրանի հետ առեւտրային հարաբերություններին հատուկ խթան հաղորդեց Իրանի հետ կնքված համաձայնագիրը, որը ուժի մեջ է մտել 2025թ. մայիսի 15-ին։ «Եթե նայենք 2025թ. մայիսից մինչեւ հուլիս ամիսների վիճակագրությանը, այսինքն՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու գործունեության սկսվելուց ի վեր, մենք արդեն իսկ տեսել ենք առեւտրաշրջանառության 35% աճ», – ընդգծեց Օվերչուկը՝ նշելով, որ Ազատ առեւտրի համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին, որից հետո ընդունվել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համատեղ գործունեության 2025-2028թթ. ծրագիրը։
Ալեքսեյ Օվերչուկը նշեց, որ համատեղ ենթակառուցվածքային աշխատանքների ռազմավարական նպատակն է ապահովել Բարենցի եւ Բալթիկ ծովերից մինչեւ Պարսից ծոց անխափան լոգիստիկան, որը կստեղծի լավագույն մրցակցային պայմաններ երեք երկրների արտադրողների, արտահանողների եւ ներմուծողների համար։ «Այս աշխատանքը մեր տնտեսություններին լրացուցիչ հնարավորություններ է տալիս ընդլայնվելու, ստեղծում է նոր աշխատատեղեր, ավելացնում եկամուտները եւ բարելավում մարդկանց կյանքը», նշեց նա։
Այսպես, Բաքվում եռակողմ հանդիպմանը շեշտադրվեց Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների ծավալը մինչեւ 15 մլն տոննայի հասցնելու եւ բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Հայտնի է, որ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար երեք ամսվա ընթացքում գործողությունների ծրագիր մշակելու համար:
Հանդիպման մասնակիցները նաեւ պայմանավորվել են ստեղծել ավտոմոբիլային փոխադրումների հարցերով հատուկ աշխատանքային խումբ, որը կազմված կլինի երեք երկրների մաքսային, սահմանային եւ տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներից։ «Ընդգծվել է սահմանային անցման ընթացակարգերը պարզեցնելու եւ միջանցքի ամբողջ երկայնքով տրանսպորտային, սահմանային եւ մաքսային գործողությունները թվայնացնելու անհրաժեշտությունը», – նշվում է Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ավարտին հրապարակված հաղորդագրությունում։
Կողմերը նաեւ համաձայնել են շարունակել տեխնիկական քննարկումները Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելու նախագծի շուրջ։ Ի դեպ, Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպման պատվիրակությունները համատեղ զննել են Աստարայի բեռնատար տերմինալը։
Տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման եւ համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը կարեւորագույն նշանակություն ունի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ Նա նշել է, թե այս համատեքստում աճում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը. «Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ եւ այլ համագործակցության ձեւաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաեւ ստեղծում է տնտեսական աճի եւ առաջընթացի նոր հնարավորություններ»:
Ըստ Մուստաֆաեւի՝ անհրաժեշտ է խրախուսել երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը՝ հիմնված հավասարության եւ փոխադարձ օգուտի սկզբունքների վրա։ Պետք է շարունակել նաեւ աշխատանքը ներդրումային նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Մուստաֆաեւը հավելել է՝ Ադրբեջանը «հավատարիմ է բարիդրացիության, փոխըմբռնման եւ հավասար գործընկերության սկզբունքներին» ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մուստաֆաեւը նաեւ նշել է, որ 2028-ից Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով Ադրբեջանի տարածքով տարեկան կտեղափոխվի առնվազն հինգ միլիոն տոննա բեռ։
Նա հիշեցրել է, որ 2024թ. դեկտեմբերին Ադրբեջանը եւ Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել այս երթուղով տարանցիկ երթեւեկության զարգացման վերաբերյալ համագործակցության մասին։ Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ Իրանի Աստարա քաղաքում գտնվող եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարեւոր բաղադրիչ հանդիսացող Հարավային բեռնատար տերմինալի շինարարությունը մոտենում է ավարտին։ Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունների միջեւ 2022թ. մարտին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Արաքս գետի վրայով անցնող նոր՝ Աղբենդ-Կալալա ավտոմոբիլային կամուրջը կդառնա տարածաշրջանի ռազմավարական տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւոր մասը։ Արաքսի միջանցքի հիմնական բաղադրիչ հանդիսացող կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին, իսկ համապատասխան սահմանային եւ մաքսային ենթակառուցվածքների շինարարությունը կավարտվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Հորադիզ-Աղբենդ ճանապարհի եւ երկաթուղու շինարարությունն էլ նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա ընթացքում։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ ներկայում Ադրբեջանի եւ Իրանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեն առանձին միավորումներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել էլեկտրաէներգիայի փոխանակում եւ առեւտուր։ «Այս ոլորտում մեր համագործակցության օրակարգը ներառում է Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի էլեկտրացանցերի սինքրոնացման նախագիծ՝ եռակողմ ձեւաչափով։ Տրանսպորտային ոլորտում մեր կողմից իրականացվող միջոցառումները պահանջում են մաքսային եւ սահմանային անցակետերի ենթակառուցվածքների միաժամանակյա բարելավում։ Այս համատեքստում մաքսային գործողությունների պարզեցումն ու թվայնացումը համագործակցության առաջնահերթ ոլորտներ են», նշել է Ադրբեջանի փոխվարչապետը։
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների կարեւորության շեշտման ֆոնին, հարկ է նկատել, որ սեպտեմբերի սկզբին ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը նկատել էր, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը զգալիորեն կրճատվել է, եւ մինչեւ տարեվերջ սպասվում է ծավալների գրեթե կրկնակի նվազում:
Նրա խոսքով՝ եթե անցյալ տարի ապրանքաշրջանառությունը կազմել է 12,4 մլրդ դոլար, ապա այս տարի՝ մոտ 6 մլրդ, հնարավոր է՝ մի փոքր ավելի։ Օվերչուկն ընդգծել էր, թե դա մտահոգիչ է, բայց նաեւ մատնանշել էր դրական տեղաշարժերը քաղաքական հարթությունում: Մասնավորապես, նա զգուշավոր լավատեսություն էր հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախապես համաձայնեցված խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ այն համարելով կարեւոր ներդրում Եվրասիական լայն տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում:
Ի դեպ, օրերս Մոսկվան դարձյալ հիշեցրեց, որ պատրաստ են հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ նշել է. «Մեր առաջարկը՝ հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ուժի մեջ է մնում»։ Նա հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը. «Ակնհայտ է, որ դեռեւս զգալի աշխատանք է կատարվել մեր ծրագրերը գործնականում իրականացնելու համար։ Մենք պատրաստ ենք Երեւանին եւ Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.10.2025