Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ-ները՝ որպես ավտորիտար համակարգի մի մաս

Հոկտեմբեր 17,2025 10:00

Ես միշտ, դեռեւս խորհրդային շրջանից, ընկալում էի իրավապաշտպաններին որպես նոն-կոնֆորմիստների: Վերջերս կարդում էի Անդրեյ Սախարովի հուշագրությունը, եւ ինձ վրա հատկապես տպավորություն թողեց, թե ինչպես էր նա, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, այցելում քաղբանտարկյալներին (մասնավորապես, Մորդովիայի հայտնի ճամբարում) եւ փորձում էր թեկուզ բարոյական աջակցություն ցույց տալ նրանց:

Իրավապաշտպանն, իմ կարծիքով, ճնշվողի, հետապնդվողի կողքին պետք է լինի, ոչ թե նրանց, ում ձեռքին մահակ կա: Հազար ու մի հարցով ես կարող էի համաձայն չլինել Միքայել Դանիելյանի կամ Ավետիք Իշխանյանի հետ (որոնք, ցավոք, այլեւս մեզ հետ չեն), բայց ես չեմ պատկերացնում, որ նրանք երբեւէ կարող էին ողջունել քաղբանտարկյալների առկայությունը: Եվ, ի դեպ, այդպես է նաեւ մեզանից շատ ավելի զարգացած երկրներում՝ Արեւմտյան Եվրոպայում, ԱՄՆ – ում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը չի կարող լինել ոստիկանության կամ հատուկ ծառայության կցորդը:

Հայաստանում՝ ավտորիտար, դեպի տոտալիտարիզմ գնացող երկրում, այդպես չէ: Մեզանում հիմնավորապես խեղվել են «իրավապաշտպանություն» եւ «քաղաքացիական հասարակություն» (նաեւ «հ/կ») հասկացությունները: Նրանք, ովքեր ներկայանում են այդ հասարակության անունից, վերջին 7,5 տարիների ընթացքում ծայրաստիճան քաղաքականացվել են եւ դարձել են ավտորիտար իշխանությունների մի մասը: Ափսո՜ս՝ հեղինակությունների դեֆիցիտի պայմաններում այդ հասարակության օղակները կարող էին հանդես գալ որպես իրական ժողովրդավարության, իրական հումանիզմի կղզյակներ:

…Առաջարկում եմ ոստիկանության եւ ԱԱԾ բաժանմունքներում առանձնասենյակներ տրամադրել «իրավապաշտպաններին», որպեսզի իրենց կոմունիկացիան իրավապահների հետ ավելի հեշտ իրականացվի, համատեղ աշխատեն «քրեական» (իրականում՝ քաղաքական) գործերի վրա: Դա հնարավորություն կտա «իրավապաշտպաններին» նաեւ տեղում՝ քննիչների վերահսկողության տակ ներբողներ գրել մեր պանծալի իրավապահների հասցեին:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031