Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բոլոր այն ուժերը և ուժերի կիսամեռ դիակները, որոնք իրենց պարտքն են համարում դատապարտել մեր կողմից` Հ1-ի եթերում ընտրական հանցագործության մասին հնչած հայտարարության վրա դատախազության ուշադրություն գրավելը, թող, ավելի լավ է, հետևյալ հարցերին պատասխանեն.
– Արդյո՞ք հնարավոր են համարում, որ եկեղեցու ներսում 2021 թվականի ընտրություններին այս կամ այն քաղաքական ուժի օգտին պարտադրանք եղած լինի։
– Ի՞նչ կարծիքի են ընտրողներին/քաղաքացիներին ընտրական կոնտեքստում որևէ բան պարտադրելու երևույթի մասին։ Չե՞ն դատապարտում։
– Ի՞նչ կանեն, եթե ընտրական հանցագործություն կատարվի իրենց քաղաքական հակառակորդի դեմ. կուրախանա՞ն, թե կդատապարտեն։
Կարդացեք նաև
Հ.Գ. Իսկ մեզ «իշխանամետ» անվանողներն էլ թող ասեն, թե արդյո՞ք բոլորով միասին մեր չափ ՔՊ-ի կատարած ընտրախախտում բացահայտած կան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները
«Ս. թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
Քանի որ պարտադրելը հանրահավաքներին մասնակցել թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:
Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք:
Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»: