«Իրադարձությունները եւ հանդիպումները, որոնք եղան օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, ԵՄ-ի կողմից ողջունվել են։ Այդ օրվանից ի վեր, բոլոր հանդիպումների եւ հրապարակային միջոցառումների ժամանակ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ աջակցելու այդ նախաձեռնություններին եւ կապակցվածությանն այս մարզում։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները կիրառել՝ ներդնել ոչ միայն ձեր նշած նախագծի շրջանակներում, այլ ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է ԵՄ-ի կողմից, երկու տարի առաջ՝ դրա հայտարարումից ի վեր»,-Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Պարոն դեսպանից հետաքրքրվել էինք՝ «Թրամփի ուղու» հետ կապված որևէ ենթակառուցվածքային կամ ներդրումային հեռանկար, հետաքրքրություններ Եվրոպական միությունը ունի՞, ի՞նչ ներդրումներ են նախատեսվում։
ԵՄ պատվիրակության ղեկավարը եւ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններն այս օրերին Սյունիքի մարզում են՝ ծանոթանալու «Դիմակայուն Սյունիք» ծրագրի ընթացիկ եւ ամփոփիչ արդյունքներին։
Կարդացեք նաև
Վասիլիս Մարագոսը շարունակեց՝ ԵՄ-ն մշտապես եւ հետեւողական աջակցում է խաղաղությանն այս տարածաշրջանում եւ մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է․ «Շատ մանրամասներ, իհարկե, պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք, որպես Հայաստանի, Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի հուսալի գործընկեր՝ սատարելու համար ձեզ այս գործընթացում»։
Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ ԵՄ-ն պատրաստ է մասնակցե՞լ «Թրամփի ուղի» նախագծին, Վասիլիս Մարագոսը պատասխանեց․ «ԵՄ-ն պատրաստ է մասնակցել բոլոր ենթակառուցվածքային նախագծերին, որոնք տեղի են ունենալու Սյունիքի մարզում, այս տարածաշրջանում եւ մենք Հայաստանի կառավարության հետ, ինչպես նաեւ այլ գործընկերների հետ կապի մեջ ենք։ Նախորդ շաբաթ Բրյուսելում էի, «Համաշխարհային դարպասներ» երկրորդ ժողովը տեղի ունեցավ․ այնտեղ էին բազմաթիվ առաջնորդներ ամբողջ աշխարհից, այդ թվում վարչապետ Փաշինյանը նաեւ։ Մենք քննարկեցինք կապակցվածությունն ամբողջ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի միջեւ ինչպե՞ս է զարգանալու մոտակա ժամանակահատվածում։ Դա կներառի ամբողջ տարածաշրջանը, այդ թվում նաեւ Հայաստանը»։
Ժամկետներն, ըստ դեսպանի, կախված են ծրագրերի պատրաստվածության աստիճանից։ Իսկ ծրագրերը քննարկվում են։
Դեսպանը հատուկ ընդգծում է կարողությունների զարգացումը, որը կօգնի առաջ մղել «երթեւեկաշրջանառությունը, այդ թվում ձեր ապրանքների եւ արժեշղթայի, որն անցնելու է Հայաստանով»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ